Տավուշում անցկացվում է «Ապրել միասին, սովորել միասին» ներառական թատերական փառատոնը

Տավուշի մարզում մեկնարկել է «Ապրել միասին, սովորել միասին» ներառական թատերական փառատոնը։ Նախաձեռնությանն այս տարի մասնակցում են մարզի 23 դպրոցներ։ Փառատոնի նպատակն է խթանել ներառական կրթությունը, երեխաների միջև համագործակցությունը և ստեղծագործական կարողությունների զարգացումը՝ թատրոնի միջոցով։
Փառատոնի շրջանակում Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում բեմադրվել է Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» ստեղծագործությունը։ Կազմակերպիչների խոսքով՝ ներկայացումը ոչ միայն մշակութային միջոցառում էր, այլև հնարավորություն՝ երեխաների համար զարգացնելու հաղորդակցման և փոխաջակցության հմտությունները։
Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը նշում է, որ բեմականացման ընթացքը կարևոր ազդեցություն է ունեցել երեխաների վրա։
«Բեմականացման ընթացքում երեխաները սովորեցին համագործակցել, աջակցել միմյանց, դարձան ավելի ինքնավստահ և սկսեցին ավելի ազատ շփվել հասակակիցների հետ։ Նախաձեռնությունը երեխաներին օգնել է ոչ միայն նոր փորձ ու ընկերներ ձեռք բերել, այլև հավատալ սեփական ուժերին։ Նրանք հասկացան, որ յուրաքանչյուր երեխա ունի տաղանդ և կարողություն, որը պարզապես պետք է տեսնել ու գնահատել», – ընդգծել է Լիլիթ Ավետիսյանը։
«Ապրել միասին, սովորել միասին» ներառական թատերական փառատոնը իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ։
Կարդացեք նաև՝