Խաղալ, սովորել, զարգանալ միասին․ Տավուշում ավարտվեցին ներառական ամառային ճամբարները

Տավուշում ավարտվեցին ներառական ամառային ճամբարները

Տավուշում մարզում ավարտվեցին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կազմակերպած ներառական ամառային ճամբարները՝ երեխաների ամառային արձակուրդները դարձնելով ակտիվ, ուսուցողական ու ներառական։ Ճամբարների ընթացքում երեխաները մասնակցել են թիմային մարզական խաղերի, ինտելեկտուալ մրցույթների, վիկտորինաների, քննարկումների և ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունների։ Իջևանում ճամաբարին մասնակցել է 150 երեխա՝ համայնքի տարբեր բնակավայրերից։

Նախաձեռնության առանցքում եղել է ներառականության գաղափարը։ Ճամբարները նպատակ են ունեցել խթանել ոչ ֆորմալ կրթությունը, ձևավորել համագործակցության մշակույթ և տարածել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության գլխավոր ուղերձը՝ սովորել, խաղալ և զարգանալ միասին։

Իջևանցի Հայկի համար ճամբարի օրերը դարձել են նոր բացահայտումների, ընկերությունների և հիշարժան պահերի շրջան։ Միջոցառումների ավարտին նա տուն է վերադառնում նոր տպավորություններով ու հույզերով իր հետ տանելով միասին սովորելու ու համագործակցելու կարևոր գաղափարը։

Ճամբարների նախաձեռնությունն արդեն ամենամյա բնույթ է ստացել, որն իրականացվում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և գործընկեր աջակից կառույցների հետ համագործակցությամբ՝ երեխաների համար ստեղծելով նոր փորձառություններ, ընկերական կապեր և ներառական միջավայր։