Տավուշում բացվեց Պատրիկ Տէվէճյանի անվան տարածաշրջանային պետական քոլեջը

Տավուշում բացվեց Պատրիկ Տէվէճյանի անվան տարածաշրջանային պետական քոլեջը, որտեղ ուսուցումն իրականացվելու է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ:

Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակությունը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը պաշտոնական այցով Տավուշի մարզում էր: Նահանգապետ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակության այցի գլխավոր նպատակը Պատրիկ Տէվէճյանի անվան Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի բացումն էր: Տավուշի մարզպետի, Իջևանի, Դիլիջանի Նոյեմբերյանի համայնքապետերի, մարզի բարձրագույն և միջին մասնագիտական կրթական կառույցների ղեկավարների ուղեկցությամբ Ֆրանսիայի պատվիրակության անդամները շրջայց կատարեցին քոլեջում՝ մանրամասն ծանոթանալով կատարված աշխատանքներին:

Սա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի առաջին պաշտոնական այցն էր Տավուշի մարզ: Դեսպանն ուրախությամբ նշում է, որ այս համագործակցությունը գյուղատնտեսությունն ու կրթությունը զարգացնելու նպատակ ունի։ Այս 2 կարևոր ոլորտները հնարավորություն են տալու նպաստել Տավուշի առաջխաղացմանը:

Քոլեջը կրում է ֆրանսահայ քաղաքական ու պետական գործիչ Պատրիկ Տէվէճյանի անունը: Տավուշի մարզպետի խոսքով՝ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, և հատկապես՝ Տավուշ-Օը-դը-Սեն համագործակցության հաստատման գործում Պատրիկ Տէվէճյանը անգնահատելի մեծ դեր է ունեցել։

Կրթահամալիրում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները, ուսումնական գործընթացում կներգրավվեն նաև ֆրանսիացի դասախոսներ: Ուսուցումը կիրականացվի ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, սակայն կկիրառվեն նաև ֆրանսիայում գործող ուսուցման մեթոդներ: Կրթահամալիրի ուսանողների համար որպես ուսումնական բազա է  ծառայելու Լուսաձոր գյուղում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը:

Շրջայցից հետո հյուրերը պատասխանել են լրագողների  ու ոսանողների հարցերին:

Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» միջև կնքվել էր ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպել հիմնադրամի՝ գործնական ուսուցման կենտրոնի ֆրանսիական մոդելի կիրառմամբ: