Տավուշում վառ ու գունեղ Վարդավառ տոնելու համար հուլիսի 15-16-ին հրավիրում ենք Կողբ
Արդեն մոտ է «Կողբ-Վարդավառ 2023-ը»․ Տավուշում վառ ու գունեղ վարդավառ տոնելու համար հուլիսի 15-16-ին հրավիրում ենք Կողբ։
Կողբ գյուղում սպասվում է երաժշտական, մշակութային, արվեստի ու արհեստի բազմաբնույթ դրսևորումներով գունեղ վարդավառ՝ հագեցած խաղերով, ներկայացումներով, համերգներով և ցուցադրություններով։
ՏավուշTV-ի տաղավարում «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի, «Կողբ» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Սոնա Վերդյանի և Կողբ բնակավայրի վարչական ղեկավար Արարատ Թամազյանի հետ Էռնեստ Խանումյանը զրուցել է արդեն ամենամյա դարձած «Կողբ Վարդավառի» մասին։
«Կողբ-Վարդավառ 2023-ի» մասին՝ ստորև․
Հուլիսի 15-ին և 16-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում սպասվում է տարվա ամենավառ ու ամենաթաց, ամենաերաժշտական ու ամենաէքստրիմալ, ամենաարվեստային ու ամենահամեղ, ամենաակտիվ ու ամենսպասված Կողբ-ՎարդաՎԱՌ փառատոնը։ Կողբի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն ամբողջությամբ կվերափոխվեն փառատոնային տարբեր գոտիների` արվեստ, հանգստ, գաստրո, երաժշտական, տաղավարային, էքստրիմ և այլն:
Վարդավառյան միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 15-ին` ժամը 14։00-ից: Ակտիվ կլինեն գաստրո և էքսպո գոտիները, որտեղ կգտնեք տարածաշրջանային, տոնական, ծիսական ամենահամեղ, ամենահետաքրքիր ու օգտակար առաջարկներ, ավարդական խոհանոցի վարպետաց դասեր: Արվեստի գոտին կառաջարկի ավելի քան 15 աշխատարաններ՝ կերամիկա, բատիկա, կարպետագործություն, մանրանկարչություն, թաղիքագործություն, տիկնիկագործություն, վիտրաժ, փայտի փորագրություն, վիտրում, մետաղագործություն, լուսամփոփների պատրաստում և այլն։ Հանգստի գոտում կներկայացվեն տեղի նկարիչների աշխատանքները, փառատոնի հյուրերը կկարողանան մասնակցել արոմա և պարային թերապիաների, յոգայի դասերի, ինչպես նաև հայկական կինոդարանի ուրախ ու սիրված ֆիլմերի դիտումների։
Էքստրեմալ տուրիզմի սիրահարներին սպասվում է Off-Road շոու, դե իսկ կենդանասերներին` ամենաիմաստուն և ճիշտ կողմնորոշվող իշուկներով շրջայց Կողբում։ Եվ սա դեռ ամենը չէ. Նոյեմբերյան համայնքի 19 գյուղերի 22 դպրոցների աշակերտները մայիսի 15-ից հավքում են պլաստիկե տարաներ, որոնք հուլիսի 15-ին կդառնան ժամանակակից արվեստի լավագույն նմուշներից․ արդյունքում՝ միջավայրի մաքրում, բնության պահպանում, ստեղծագործական մտքի զարգացում, թիմային աշխատանք ու արվեստի գործ։
Երաժշտական գոտին նույնպես խոստանում է հետաքրքիր լինել: Այստեղ սպասվում են Տավուշի մարզի երաժշտական, թատերական խմբերի համերգներ, թատերական ներկայացումներ:
Հուլիսի 15-ին երեկոյան ժամը 20։00-ից ավելի քան թեժ է լինելու՝ ամառվա ամենավառ ու խենթ երաժշտական հանդիպումը՝ Նեմրա, Սիրուշո և Հունաստանից ժամանած DJ Պանտելիս, ինչպես նաև Dairo և Guevo: Թեթև և հումորաշատ երեկոն էլ ապահովելու են հաղորդավարներ Անի Խաչիկյանն և Հայկ Պետրոսյանը։
Հուլիսի 16-ին փառատոնային ծրագիրը կմեկնարկի վաղ առավոտյան` յոգա, վարդավառյան ավանդական պատմությունը, ծեսերն ու խաղերը փոխանցող թատերականացված միջոցառում «Վարք Հայոց»-ի ներկայացմամբ, և, իհարկե, ջրոցի` Dairo-ի և Guevo-ի թեժ բիթերի ներքո: Կողբ Վարդավառ փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին, ժամը 17:00-ին։
Ընտրի՛ր ջրի ճամփան, այցելի՛ր Կողբ հուլիսի 15-ին և 16-ին ու դարձի՛ր տարվա ամենաէմոցիոնալ միջոցառման մի մասը։ Մուտքն ազատ է, հնարավորություններն՝ անսահմանափակ, տրամադրությունը՝ գերազանց, տպավորություններն՝ անմոռանալի։