«Տավուշյան LEADER»․ համայնքային գաղափարները՝ տեսանելի հարթակում

Բերդ քաղաքում անցկացվեց «Տավուշյան LEADER» ֆորումը, իր ներսում համախմբելով համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերի հեղինակներին և տեղական դերակատարներին։ Միջոցառման նպատակն էր նախ՝ խրախուսել լավագույն նախաձեռնությունները, նաև՝ բարձրացնել դրամաշնորհառու ծրագրերի և դրանց հեղինակների ճանաչելիությունը Տավուշի մարզում։ LEADER ծրագրի առանցքում տեղական բնակչության ակտիվ մասնակցությունն է, սոցիալ-տնտեսական կենսունակության ապահովումը և համայնքային խնդիրների լուծումը՝ ներքևից վեր մոտեցմամբ։
Միջոցառման ընթացքում հնչող խոսքերում կարևորելով ծրագրի բազմավեկտոր ուղղությունները, ընդգծվեց նաև, որ նման հարթակները հնարավորություն են խթանելու համագործակցությունը տարբեր դերակատարների միջև՝ գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, մարզից մարզ։
Ֆորումի ընթացքում մրցույթին մասնակցող դրամաշնորհառուները ներկայացրին իրենց ծրագրերը՝ մշակույթի, կրթության, գյուղատնտեսության, էկոլոգիայի և փոքր ձեռնարկատիրության ոլորտներից։ Ներկայացումները միտված էին մրցութային գնահատմանը, ապա նաև ծրագրերի հանրայնացմանն ու փորձի փոխանակմանը։
Մրցանակաբաշխության ավարտին ամփոփվեցին արդյունքները և հայտարարվեցին հաղթողները հինգ անվանակարգերում՝ «Լավագույն նորարարական մոտեցում», «Ամենաստեղծագործական թիմ», «Լավագույն համագործակցություն», «Կայուն գաղափար» և «Ժողովրդական ընտրություն»։ Այսօրինակ միջոցառումները տեղական նախաձեռնությունների տեսանելիության բարձրացմանն նպաստում, նոր համագործակցությունների ձևավորմանը և համայնքային զարգացման շարունակականությանը։
Տեղական զարգացումը սկսվում է համայնքում ձևավորված գաղափարներից․ «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբը դարձել է այդ գաղափարները համագործակցության վերածելու հարթակը։