Ծնողական շաբաթը Տավուշի ԹՈՒՄՈ կենտրոններում և տուփերում

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների բոլոր կենտրոններում և տուփերում նոյեմբերի 7-ից մեկնարկել է ծնողական շաբաթը․ այն շարունակվել է մինչև նոյեմբերի 13-ը: Տարվա մեջ 2 անգամ ԹՈՒՄՈ-ն բացում է իր դռները ծնողների առաջ՝ հնարավորություն տալով նրանց անձամբ ծանոթանալ ԹՈՒՄՈ-յի կրթական ծրագրին, մասնակցել դասընթացներին, հանդիպել մարզիչների ու դասընթացավարների հետ՝ ամբողջապես ընդգրկվելով կրթական առօրյայում:

Ծնողական շաբաթի 5-րդ օրը՝ նոյեմբերի 11-ին, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը Դիլիջանի ԹՈՒՄՈ կենտրոնում էր՝ հանդիպելու Դիլիջանի և հարակից համայնքների ԹՈՒՄՈ տուփերի ուսանողների ու նրանց ծնողների հետ:

Հանդիպման ընթացքում Մարի Լու Փափազյանը  խոսեց ԹՈՒՄՈ-յի ընթացիկ ու սպասվող ծրագրերի մասին, պատասխանեց ծնողներին հետաքրքրող հարցերին:

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար կրթական ծրագիր է, որը պատանիներին տալիս է հնարավորություն՝ լինել իրենց ուսուցման պատասխանատուն: Կենտրոնի ուսումնական ծրագիրը կազմված է ինքնուրույն ուսուցման գործողություններից, սեմինարներից և նախագծերի լաբորատորիաներից:

ԹՈՒՄՈ-ն կենտրոններ ունի Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում։ Դրանց կից գործում են նաև ԹՈՒՄՈ տուփեր, որոնց թիվը տարեցտարի ավելանում է։ Տավուշի մարզում շուտով ԹՈՒՄՈ տուփեր կբացվեն Իջևանում, Ազատամուտում, Արծվաբերդում և Կողբում: