Team Telecom Armenia-ն Տավուշի մարզում վերազինել է բջջային ցանցը

Team Telecom Armenia-ն Տավուշի մարզում վերազինել է բջջային ցանցը

Տավուշում կապն ուրիշ է․ Team Telecom Armenia-ն սկսել է արդիականացման մեծածավալ աշխատանքներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում․ առաջին կանգառը մեր մարզն է։ Բջջային ցանցի արդիականացման նախաձեռնության շնորհիվ հազարավոր տավուշցիներ արդեն իսկ օգտվում են ավելի արագ, հուսալի և բարձրորակ կապից:

«Այս երկու օրը շրջելով Տավուշի մարզում՝ ես հասկացա, որ վերջին մեկ տարվա մեծ ծավալի աշխատանքը, որ իրագործում էր տեխնիկական անձնակազմը, տվել է իր իրական արդյունքը: Այս տարի մեր ընկերությունը 10 միլիարդից ավելի միայն մոբայլ ցանցի վրա ներդրում է իրականացնելու: Այս պահին մոբայլ ցանցի վերազինման մեծածավալ աշխատանքներն ավարտվել են Տավուշի մարզում: Երևանից դեպի Տավուշ ամբողջությամբ վերազինվել են մայրուղու ուղղությամբ բոլոր մոբայլ կայանները, և այսօր իդեալական ծածկույթ ունենք», – նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Տավուշի մարզում Team-ը միանգամից մի քանի կարևոր քայլեր է իրականացրել։ Բազային կայանների քանակի ավելացումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը զգալիորեն բարելավել են ինչպես ձայնային կապը, այնպես էլ բջջային ինտերնետը։

Կապի նոր որակն արդեն նկատել են բաժանորդները։

Աշխատանքները կընթանան նաև Երևանում՝ 4G ծածկույթի բարելավման և 5G ցանցի նախապատրաստման ուղղությամբ։ Իսկ հաջորդիվ նախատեսվում է արդիականացնել կապի ենթակառուցվածքները միջպետական մայրուղիներում՝ ապահովելով ավելի կայուն կապ շարժման ընթացքում։ Ի դեպ՝ արդիականացման արդյունքում անխափան ու որակյալ կապ կա նաև Դիլիջանի թունելում․ արագության թեստերը հուշում են՝ թունելում կապը զգալիորեն արագացել է:

Արդիականացման լայնամասշտաբ աշխատանքները մարզում ավարտվել են: Այսպիսով, մեր մարզն առաջինն է, որտեղ բջջային ցանցը լիովին թարմացված է՝ նոր հնարավորություններով ու նոր արագությամբ։