«Տեղական ինքնակառավարմանը երիտասարդական մասնակցության խթանման» ուղեցույցը ներկայացվել է Իջևանում
Օգոստոսի 22-ին Իջևանում տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարմանը երիտասարդական մասնակցության խնդիրները Իջևանում» ուսումնասիրության արդյունքների և դրանց հիման վրա մշակված «Տեղական ինքնակառավարմանը երիտասարդական մասնակցության խթանման» ուղեցույցի ներկայացում-քննարկումը։
Ծրագրի շրջանակներում ուսումնասիրության խնդիրներն են եղել․
1. Երիտասարդական քաղաքականություններ իրականացնելու համայնքների ինստիտուցիոնալ և գործառնական կարողությունների բացահայտումը,
2. Որպես համայնքային կառավարման առաջնահերթություն՝ երիտասարդական ոլորտի․ առկա իրավիճակն ու բացերը։
3. Համայնքային կառավարմանը երիտասարդական մասնակցության առկա մեխանիզմների արդյունավետությունը։
Ուսումնասիրությանը որպես առանցքային տեղեկատուներ ներգրավված են եղել Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի համայնքապետարանների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների 14-35 տարեկան ավելի քան 133 երիտասարդներ։
Քննարկումն իրականացվեց Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնը «Հզորացնելով ձայները․ Տավուշում երիտասարդների քաղաքացիական մասնակցության ձևավորում» նախաձեռնության շրջանակում, որը Քաղաքացիական կրթություն և մասնակցություն/ACE ծրագրի մաս է կազմում։