Տերևներով տոլմա
Պատրաստում ենք ամենահայկական կերակուրներից մեկը՝ թփով տոլմա, որը հայկական խոհանոցի զարդերից մեկն է համարվում: Բացի խաղողի տերևները, օգտագործում ենք նաև մոռի և թթի տերևներ, որոնք նույնպես շատ յուրահատուկ համ ունեն։
Տերևները լցնում ենք եռացող թույլ աղաջրի մեջ, հենց գունափոխվում են 1-2 րոպեից, դառնում դարչնագույն, անմիջապես հանում ենք ջրից։ Տոլման պատրաստում ենք աղացած մսով, սոխով, բրնձով, տարբեր համեմունքներով` այդ ամենը շաղախելով իրար և փաթաթելով տերևներով:
Տոլմայի համար հարկավոր է վերցնել՝
- 1 կգ աղացած միս (ցանկալի է լինի խոզի, եթե տավարի է, կարող եք ավելացնել 200 գրամ կարագ կամ սալ)
- 1 թեյի բաժակ բրինձ
- 2 միջին գլուխ սոխ (աղացած)
- Խառը թարմ կանաչիներ
- Ուրց
- Սև,կարմիր պղպեղներ (ըստ ճաշակի)
- 1 ճաշի գդալ աղ
Փռում ենք նախապես դարձ երեսի վրա բացված խաղողի տերևը, այնտեղ լցնում գրեթե մեկ թեյի գդալ խճողակ և նրբորեն փաթաթում: Կաթսայի հատակին նախապես մի քանի խաղողի տերևներ պետք է փռել, որոնց վրա էլ շարում ենք արդեն փաթաթված փոքրիկ տոլմաները: Երբ փաթաթելը վերջացնում ենք, կաթսայի մեջ այնքան ջուր ենք լցնում, որ տոլմաները ծածկվեն: Եռացնում ենք մոտ 30-40 րոպե։
Կարծում եմ` շատերն են նախընտրում թփով տոլման ուտել սխտորմածունով, քանի որ այն չափազանց համեղացնում է։ Տերևներով՝ թփով տոլման համեղ է հատկապես թարմ, մատղաշ տերևներով փաթաթածը, սակայն տարվա մնացած եղանակներին օգտագործելու համար անհրաժեշտ է այն պահածոյացնել։ Ինչպե՞ս է հարկավոր պահածոյացնել խաղողի տերևը:
Խաղողի 4-5 տերևները լվանում ենք, դնում իրար վրա, այնուհետև ծալում ու շարում ենք ապակե տարաներում: Ավելացնում ենք 1 լիտր ջրին 1 թեյի գդալ հարաբերությամբ աղաջուր։ Մեծ կաթսայի մեջ մի քիչ ջուր ենք լցնում, որտեղ դնում ենք թփերով տարաները ու հինգ րոպե եռացնելուց հետո հանում կաթսայից: