Տղերքը․ Շիրակ Գասպարյան
«Մի թող, որ դարիդ սև արատներով հոգիդ վարակվի և ննջի անարգ․․․», – այս տողերը գրել ու դրանց հավատարիմ մնալ էր կարողացել մեր այսօրվա հերոսը՝ Շիրակ Գասպարյանը։
Ապրել իսկական արժեքներով և զոհաբերել ամենաթանկը, զոհաբերել վստահ ու գիտակցաբար՝ ասելով, որ «առանց զոհաբերության երբևէ հաղթանակ չի կերտվել»․ այսպիսինն է Շիրակի կյանքի ու նահատակության նկարագիրը։
Տղերքը հաղորդաշարի առաջին թողարկումը.
—
Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998 թ․, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Շիրակը տան փոքր զավակն էր, ում ծնունդը երկար սպասված է եղել։
2005 թ․ ընդունվել է Աչաջրի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2016 թ․ ավարտում է դպրոցը, ապա ընդունվում ԵՊՀ ԻՄ Պատմության բաժին։ 2020 թ․ բուհն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ Հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ավելի քան 15 բուհից հրավեր է ստացել, բայց ընտրել է Չեխիայի Կարլովի անվան համալսարանը։
Շիրակը նախընտրեց ծառայել բանակում՝ իր պարտքը հանձնել Հայրենքին, այնուհետև միայն մեկնել Չեխիա։
Ծառայության է մեկնել 2020 թ․ հուլիսի 29-ին, ծառայության է անցել Ջրականում՝ Մեխակավանում։ Մի քանի ամսում ստացել է սերժանտի կոչում։ Պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրից։ Շիրակը նահատակվել է թշնամու հրազենի կրակոցից։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հայրենի գյուղում՝ Աչաջրում։
Շիրակ Գասպարյանն իր ցուցաբերած քաջության ու մեծ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Շիրակենց տան բակում՝ Աչաջուր գյուղի մեջ, նրա ընտանիքի և հատկապես հոր ջանքերով այժմ վեր է բարձրանում նրա երազանքը՝ փոքրիկ եկեղեցին, որտեղ այցելուների աղոթքները նրանց էլ ավելի կմոտեցնեն այն անմահությանը, որին խորապես հավատում էր Շիրակը․․․