Տղերքը․ Ժորա Փարսյան

Հանգիստ, համեստ, լուռ, հոգատար ու նվիրված․ այսպիսինն է նա մնացել ու կմնա իր հարազատների սրտում՝ որպես հանուն շատերի կյանքի իր կյանքը նվիրած հերոս։ «Տղերքը» հաղորդաշարի այս թողարկման մեջ պատմում ենք տավուշեցի Ժորա Փարսյանի մասին։

Ժորա Փարսյանը ծնվել է 2001 թ․ հունվարի 12-ին, Իջևան քաղաքում։ 2006 թ․-ից հաճախել է թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 2012 թ․-ից դասերին զուգահեռ հաճախել է «Ավանդույթ» երաժշտական դպրոց՝ դհոլի բաժին։ Մասնակցել է բազում փառատոնների և վերադարձել հաղթանակներով։

2015 թ․ ուսման է անցել Իջանի տարածաշրջանային պետական քոլեջի «Ֆինանսներ» բաժնում։ Ավարտել է 2018 թ․՝ գերազանցության դիպլոմով՝ հետագայում բուհ դիմելու նպատակով։ Մասնակցել է Տավուշի մարզի հրաձգության մրցաշարին, գրավել առաջին տեղը։

2019 թ․ հուլիսի 19-ին ծառայության է անցել Սիսիանում, եղել է սերժանտ։ 2020 թ․ սեպտեմբերի 8-ին տեղափոխվել է Արցախ։ Մարտնչել է Ջրականում, Վարանդայում, Հադրութում, որտեղ էլ անմահացել է հոկտեմբերի 14-ին։

Ինչպես շատ-շատերը 44-օրյա պատերազմի ծանր օրերին, այնպես էլ Ժորան կռվի դաշտում կատարեց իր ընտրությունը՝ Հայրենիքն ու իր հայրենակիցների կյանքերը վեր դասելով սեփականից։