Տղերքը․ Արթուր Հովսեփյան

«Ունենալ հզոր, բանիմաց, մեր Հայրենիքին ու բանակին նվիրված մարտիկներ. սա Արթուրի առաջին և ամենանվիրական երազանքն էր»։

Նրա համար բանակն ու Հայրենիքը միշտ առաջին տեղում էին. «Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա թողարկումը փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի մասին է։

Արթուր Հովսեփյանը ծնվել է 1987թ. Տավուշի մարզի Սևքար գյուղում: Սովորել է Սևքարի միջնակարգ դպրոցում, այնուհետեւ 2004թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2008թ. ավարտել է ինստիտուտը գերազանց առաջադիմությամբ՝ որպես հրետանավոր: Ինստիտուտն ավարտելուց հետո մի շարք զորամասերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

2018թ. սեկտեմբերին կազմավորվել է Իջևանի հակատանկային N զորամասը, որի առաջին հրամանատար է նշանակվել Արթուր Հովսեփյանը: Նորաստեղծ զորամասի կայացման գործընթացն ամբողջությամբ կազմակերպել է փոխգնդապետ Հովսեփյանը և կարճ ժամանակահատվածում կարողացել է այն դարձնել մարտունակ զորամաս: Իր ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և պատվոգրերով:

Հակատանկային զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովսեփյանը 2020թ. սեպտեմբերի 30-ին մեկնել է Արցախ, մասնակցել հյուսիսային ռազմաճակատում ծավալված գործողություններին: Նրա վարպետության ու սխրանքի շնորհիվ 2020 թվականի հոկտեմբերին Արցախի հյուսիս-արևելքում հաջողվել է կանգնեցնել թշնամու հարձակումը։ Ոչ մի վայրկյան պարտության կամ նահանջի մասին չմտածելով՝ մարտի դաշտից նա հուսադրում էր բոլորին․ «Երբեք չմտածեք, որ պարտվելու ենք»։

Հրետանու կրակով ոչնչացրել է թշնամու շուրջ 17 միավոր զրահատեխնիկա եւ մեծաթիվ կենդանի ուժ: Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին, Մատաղիսում:

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայության համար Արթուր Հովսեփյանը հետմահու արժանացել է  «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշանին:

Որպես իսկական, նվիրված հրամանատար՝ փոխգնդապետը մինչև վերջ իր զինվորի կողքին էր՝ նվիրումի կյանքը կնքելով նաև մեծագույն զոհաբերությամբ՝ հանուն իր տղերքի և հանուն Հայրենիքի։