Տղերքը․ Հակոբ Մելիքսեթյան

«Հակոբը եթե մի բանի նվիրվում էր՝ նվիրվում էր ամբողջությամբ․․․»

Ընկերները պատմում են, որ մարտի ամենաթեժ պահերին, երբ դիրքն արդեն հրամանատար չուներ, նա իր վրա է վերցրել գործողությունները համակարգելու պատասխանատվությունը՝ մեծագույն քաջություն ցուցաբերելով։

«Տղերքը» հաղորդաշարի մեր այս թողարկման հերոսը Հակոբ Մելիքսեթյանն է։ Հակոբը գեղեցկությունը տեսնում և «բաժանում» ու վերարտադրում էր ամենուր․ ինչպես նրա բազմաթիվ նկարները, այնպես էլ իր հարազատների, ընկերների նկատմամբ վերաբերմունքը՝ որպես միայն բարու և գեղեցիկի, վկայում են հենց այս մասին։

Հակոբ Մելիքսեթյանը ծնվել է 2000թ․ հոկտեմբերի 16-ին, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում:

Ավարտելով Գետահովիտի միջնակարգ դպրոցը՝ 2018 թ․-ին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետ։ Անսահման բարի էր, ժպտերես, կատակասեր:

Ուսումը կիսատ թողնելով՝ 2019թ․ հունվարի 11-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի ՊԲ «Մարտունի-2» զորամասում: Եղել է ՀՕՊ մասնագետ: 2020 թ․ պատերազմը սկսվելու առաջին իսկ օրից Հակոբն իր ընկերների հետ համառ մարտեր է մղել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ: Խոցել է մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ ինքնաթիռ։ Անմահացել է հոկտեմբերի 7-ին, Մարտունիում։

Հակոբ Մելիքսեթյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, «Գրթության մայր» մեդալով։

Հակոբը վստահ պատասխանատվությամբ բռնեց անմահության ճանապարհը՝ անվարան նվիրումով որոշում կայացնելով որևէ կերպ չխուսափել ու չընկրկել՝ լինելով ու մնալով իր ընկերների, իր Հայրենիքի կողքին։