Տղերքը․ Սերգեյ Պետրոսյան

«Ասել ա՝ տղերք, դուք հետևե՛ք՝ տեսեք՝ կամանդիրը քնած ա, ես պետք ա էն ուրալը բերեմ»․․․

«Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա հերոսը՝ Սերգեյը, պատերազմի ժամանակ զինամթերքով բեռնված ուրալը կրակի տակ, 700 մետր հեռավորությունից հասցրել է հայկական կողմին՝ չլսելով ո՛չ հրամանատարի, ո՛չ ընկերների հորդորները։ Իրեն ներհատուկ կենսախինդ բնավորությամբ էլ ծիծաղելով հետ է վերադարձել։

Հայրենի Տավուշի հող ու ջրի, անտառների իրական զավակը լինելով՝ Սերգեյ Պետրոսյանն ուրախությամբ է մեկնել ռազմաճակատ՝ ընկերներին ու հարազատներին էլ արգելելով որևէ կերպ առարկել կամ տխրել։ Ռազմաճակատում բազմիցս աչքի է ընկել՝ իր մտերիմների հանդեպ սերը Հայրենիքի համար արված զոհողությանը խառնելով։

Սերգեյ Պետրոսյանը ծնվել է 2001թ․ Իջեւանում։ Սովորել է Գետահովիտի միջնակարգ դպրոցում։ Ավարտելով դպրոցը՝ ընդունվել է քոլեջ, ապա ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է բանակ: Ժամկետային ծառայության է անցել «Մարտունի-2»զորամասում։

Կենսուրախ, չարաճճի, աշխատասեր․ այսպես են Սերգեյին հիշում ընտանիքի անդամները եւ ընկերները։ Նա Պետրոսյանների ընտանիքի միակ որդին էր՝ երկու քույրերի եղբայրը։

Պատերազմի առաջին իսկ օրից Սերգեյը առաջնագծում է եղել։ Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 22-ին, հուսադրել է՝ ամեն ինչ լավ է լինելու։ Սերգեյը ընկերների հետ Վարանդայում գրավել է մեկ դիրք, փրկել է զինակցի կյանքը։ Կռվել է 5 ամենաթեժ կետերում։ Զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայի համար մղվող մարտերում։

Հետմահու պարգեւատրվել է արիության մեդալով։