Թանգարանները նշում են Թանգարանների միջազգային օրը․ միջոցառումներ Տավուշի մարզում

Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում:

Այս տարի ևս մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն, թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին:

Այս տարի Թանգարանների միջազգային օրը կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը՝ ուղենշելով, թե թանգարաններն ինչպես կարող են իրենց նպաստը բերել սոցիալ-տեխնոլոգիական և կլիմայական հիմնարար փոփոխությունների ենթարկվող աշխարհին:

Տավուշի մարզի թանգարանները բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առաջ՝ մեկ անգամ ևս վերահաստատելով թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերների դիմագրավման և մշակութային ժառանգության պահպանության ձևավորման համատեքստում:

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

  • Մայիսի 17՝ ժամը 11։00-24։00 – Հիմնական ցուցադրություն։
  • 12։00, 17։00 – «Արշակ Ֆեթֆաճյան» ֆիլմի ցուցադրություն։
  • 16։00 – ArLoopa կազմակերպության, Տավուշ հեռուստաընկերության և Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի կողմից ստեղծված Գևորգ Բաշինջաղյանի «Ձմեռային տեսարան» և Հովհաննես Շարամբեյանի «Ծերունու դիմանկարը» ստեղծագործությունների շարժվող թվային տարբերակի ցուցադրություն։
  • 21։00 – «Մսյո Ազնավուր» ֆիլմի ցուցադրություն։
  • Մայիսի 18՝ ժամը 12։00 – «Հովհաննես Այվազովսկի» ֆիլմի ցուցադրություն։
  • 14։00 – Դասական երաժշտություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ։
  • 15։00 – Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը։

Իջևանի պատմաերկրագիտական թանգարան

  • Մայիսի 17՝ ժամը 11։00-24։00 – Հիմնական ցուցադրություն։
  • 13։00 – 16։00 – Ցուցանմուշների բացօթյա ցուցադրություն։
  • 16:00-18:00 – «Հայկական ավանդական կարպետի ժամանակակից դրսևորումները»․ կարպետագործության և գորգագործության վարպետաց դասեր։
  • 18:00-20:00 – Իջևան քաղաքի արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես։
  • Մայիսի 18՝ ժամը 14։00-15։00 – Համերգային ծրագիր՝ «Գարուն»

«Բերդ» պատմամշակութային արգելոց-թանգարան

  • Մայիսի 17՝ ժամը 11։00-24։00 – Հիմնական ցուցադրություն։
  • Մայիսի 18՝ ժամը 14։00 – դասախոսություններ՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրով։

«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց

  • Մայիսի 17՝ ժամը 11։00-24։00 – Հիմնական ցուցադրություն։
  • Մայիսի 18՝ ժամը 16։00 – Կրթական ծրագիր՝ «Հուշարձանն իմ աչքերով»

Թանգարանների միջազգային օրը հիմք է դրվել 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից: