«Թելիկ» կենտրոնի ստեղծագործ կանանց ձեռքի հերթական աշխատանքը
Տավուշի թեմի առաջնորդարանում գործող «Թելիկ» կենտրոնի ստեղծագործ կանանց ձեռքի հերթական աշխատանքը հայկական «շուլալ» կարպետն է։ Կարպետի այս ձևը յուրահատուկ է հատկապես Տավուշի տարածաշրջանում։ Հավատարիմ մնալով կարպետ կտրելու ավանդույթի արարողությանը, դեկտեմբերի 16-ին «Թելիկ» կենտրոնում տեղի ունեցավ գորգ կտրելու խորհրդավոր արարողությունը։
Կարպետի պատվիրատուն Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրն է։ «Շուլալ» կարպետը բնորոշ է նաև Սյունիքին ու Արցախին, նմանօրինակ նմուշներ եղել են նաև Շուշիի գորգերի թագարանում։
Տավուշյան ձեռագործության ավանդույթները վերականգնող ու հանրահռչակող այս կենտրոնում արարվում են կարպետներ, որոնք ունեն դարերի պատմություն։ «Թելիկի» աշխատանքի շնորհիվ մոռացության մատնված կարպետները վերածնվում և ներկայանում են նորովի։