Վանաձորի կամերային նվագախումբը համերգային ծրագրով հանդես եկավ Իջևանում

Հոկտեմբերի 13-ին Իջևանի մշակույթի տանը կայացավ Վանաձորի կամերային նվագախմբի համերգը՝ մարզերի արվեստի դպրոցների և քոլեջների շնորհալի սաների մասնակցությամբ։

Համերգի ընթացքում հնչեցին դասական և ժամանակակից ստեղծագործություններ։ Հանդիսատեսը ջերմ ընդունեց ինչպես նվագախմբի, այնպես էլ երիտասարդ երաժիշտների կատարումները։

Համերգը կազմակերպվել էր «Վանաձորի կամերային նվագախումբը մարզերում» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է հոկտեմբերին և ընդգրկում է Հայաստանի վեց քաղաք։ Ծրագրի նպատակն է խթանել մարզերի շնորհալի սաների մասնակցությունը համերգային կյանքին, ստեղծել համագործակցության հարթակ երիտասարդների և պրոֆեսիոնալ երաժիշտների միջև։

Նախաձեռնությունը իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ։ Նման նախագծերը ոչ միայն խթանում են մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը, այլև հնարավորություն են տալիս երիտասարդ տաղանդներին հանդես գալ մեծ բեմերում և ձեռք բերել արժեքավոր փորձ։