Վարչապետը այցելել է Տավուշի մարզի հեղեղից տուժած բնակավայրեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու և Տավուշի մարզեր, ծանոթացել հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:
Տավուշի մարզում առաջին կանգառը եղել է Այրում քաղաքը։ Այստեղ հեղեղումների հետևանքով վթարվել է երկաթգծի կամուրջը, վնասներ է կրել նաև Այրումում գտնվող «Դամուար գրուպ» ընկերության մաքսային տերմինալը:
Տավուշի մարզում վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին: Այստեղ վարչապետին զեկուցվել է, որ օրվա ընթացքում սահմանի խախտում չի արձանագրվել, արտառոց դեպքեր և պատահարներ տեղի չեն ունեցել:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Բաղանիս-Կիրանց, Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման ընթացքին: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքների որակյալ իրականացմանը և ընդգծել սահմանված ժամկետներում դրանք շահագործման հանձնելու կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Խաշթառակում, որտեղ հեղեղումներից վթարվել է տեղի կամուրջը: Զեկուցվել է, որ բնակավայրն ունի այլընտրանքային ճանապարհ: Չնայած դրան՝ վարչապետը հանձնարարել է կամուրջի վերակառուցման աշխատանքները սկսել հնարավորինս սեղմ ժամկետներում:
Վարչապետի այցն ավարտվել է Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Լոռու և Տավուշի մարզպետները, հեղեղումներից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը նշել է, որ պետք է ընդունել տուժած սեփականատերերին ըստ բնակարանի քառակուսի մետրի բնակարանների նորոգման կամ վերականգնման աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում: Միաժամանակ ընդգծվել է, որ աջակցություն կտրամադրվի նաև կահավորման ուղղությամբ: Վարչապետը շեշտել է՝ կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հեղեղումներից տուժած շենքերի հետ կապված կմշակվի այլ լուծում:
Վարչապետը կարևորել է ժամանակավոր կառուցված կամուրջների միջոցով մատակարարումների իրականացումը և ընդգծել, որ վթարված կամուրջների տեղում կկառուցվեն նաև բնակավայրի կոլորոտի հետ համահունչ նոր կամուրջներ՝ հաշվի առնելով նաև հեղեղումների հետ կապված փորձը։