Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան

Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը հանդես է գալիս նոր հայեցակարգով՝ որպես Հայկական գործվածքի թանգարան՝ ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։

Վերականգնման աշխատանքների ավարտից հետո, փետրվարի 7-ին տեղի է ունեցել թանգարանի պաշտոնական վերաբացումը, որը նշանավորվել է Հայաստանում առաջին գործվածքի թանգարանի գործունեության ազդարարմամբ։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարը, նախարարության, ՏԻՄ ներկայացուցիչներ, Հովհաննես Շարամբեյանի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Թանգարանի շենքը վերականգնվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով: Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում էր։

Հայկական գործվածքի թանգարանը ներկայացնում է գորգն ու կարպետը, ասեղնագործությունը, ժանյակը՝ տարբեր դպրոցներով, տեխնիկաներով, զարգացման փուլերով և կիրառական ձևերով։ Բացի ժողովրդական արվեստների թանգարանի նմուշներից, վերաբացված թանգարանում ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» նմուշներ:

Նոր ցուցադրությունում առանձնահատուկ տեղ է հատկացված Հովհաննես Շարամբեյանի դիլիջանյան թեմատիկ գեղանկարներին, որոնք հանդես են գալիս որպես գեղարվեստական վավերագրեր՝ պահպանելով քաղաքի պատմական միջավայրն ու կոլորիտը։

Հայկական գործվածքի թանգարանը նախատեսում է դառնալ ոչ միայն ցուցադրական տարածք, այլև կենդանի մշակութային միջավայր։ Թանգարանի տարածքում կկազմակերպվեն վարպետության դասեր, բացօթյա միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ՝ ժողովրդական վարպետների մասնակցությամբ, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված ավանդական տոներ, ծեսեր, ազգային երգ ու պարի ներկայացումներ։

Կարևոր ուղղություն է նաև կրթական բաղադրիչը․ թանգարանը կհանդիսանա կրթական ռեսուրս դպրոցականների, ուսանողների և լայն հանրության համար՝ նպաստելով մշակութային ժառանգության արժևորմանը։

Նոր մասնագիտացված ցուցադրությունը կխթանի նաև Դիլիջանի զբոսաշրջային գրավչության բարձրացումը։ Վերականգնված շենքի նախագիծը և ցուցադրության հստակ կառուցվածքը հնարավորություն կտան այցելուներին կարճ ժամանակում ամբողջական պատկերացում կազմել հայկական գործվածքի հարուստ ժառանգության մասին։

Հայկական գործվածքի թանգարանը նպատակ ունի դառնալ Դիլիջանի մշակութային ակտիվ կենտրոններից մեկը՝ միավորելով պատմությունը, արվեստը, կրթությունն ու ժամանակակից մշակութային գործընթացները։

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1979 թվականին՝ վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, հայ ժողովրդական մշակույթի հմուտ գիտակ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ։ Շենքը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը։ Այն եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, որը բնակվել է Թիֆլիսում, իսկ ամռան ամիսներն անցկացրել այս շենքում։ Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը, որի նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է Ժողովրդական արվեստի թանգարանի։