Որ փորձությունը փորձանք չդառնա

Ներբեռնել

Սիրելի բարեկամներ, յուրաքանչյուրիս կյանքում էլ տարաբնույթ դեպք‐պատահարներ եղել են: Մի բան պատահել է, մեկս մյուսին օգնության է հասել: Նույնն էլ մեր պետությունը. որևէ մարզում աղետ է եղել, պետական կառույցներն արձագանքել են, հասել են, օգնել են, փրկել են, փոխհատուցել են: Ուշ թե շուտ, լավ թե վատ, այլ հարց է:

Այսօր ամբողջ աշխարհը փոխել է իր ռազմավարությունը՝ արձագանքման մշակույթից անցնելով կանխարգելման և համայնքների խոցելիության նվազեցման մշակույթին: Իսկ այդ մշակույթի հիմքը իրազեկված քաղաքացին է, մենք բոլորս և մեզնից յուրաքանչյուրը, ով գիտի, թե ինչ վտանգներ կան, ինչ է արտակարգ իրավիճակը, ինչ բնութագրեր ու դասակարգում ունի այն, ինչ են նշանակում խոցելիությունն ու կարողությունը, ինչպես է ձևավորվում աղետների ռիսկը և ինչպես կարելի է այն նվազեցնել, գիտակցում է, որ աղետների ռիսկի նվազեցումը մարդկային կյանքերի փրկություն է և ապրուստի միջոցների աղբյուրների պաշտպանություն, որ կանխարգելմանն ուղղված ֆինանսները ոչ թե ծախս են, այլ ներդրում, գիտի ինքնօգնության, փոխօգնության, առաջին նախաբժշկական օգնության տարրական հիմունքները, գնահատում ու պահպանում է անվտանգ ու առողջ շրջակա միջավայրը, կարողանում է գրագետ կառավարել հողը, ջուրը, օդը, արագ ուրբանիզացվող ու զարգացող, տեխնիկապես հագեցվող քաղաքային միջավայրը, նաև՝ կլիմայի փոփոխության ռիսկերը:

Մենք բոլորովին էլ այն քաղաքականության կողմնակիցը չենք, որը մարդկանց վախեցնում է աղետ‐բոբոներով՝ այ եթե չիրազեկվեք‐չպատրաստվեք, աղետը կգա ու կսրբի կտանի ձեր ունեցած‐չունեցածը, կվնասի ձեզ ու ձեր մերձավորներին՝ անկախ ձեր դիրքից, պաշտոնից ու կուսակցական պատկանելությունից: Ընդհակառակը, մենք ցանկանում ենք, որ դուք ինքներդ բացահայտեք, թե ինչ է պետք իմանալ, ձեր կյանքը բարելավելու և առավել անվտանգ դարձնելու համար, որն է աշխարհի լավագույն փորձը, ինչ աղետներ են պատուհասել ու սպառնում մեր երկրին, ինչ նոր մարտահրավերներ կան, ինչպես կարելի է հզորացնել ձեր կարողությունները, նվազեցնել խոցելիությունն ու մեղմել անկանխելի աղետի հետևանքները:

Խնդրում ենք գիրքն ընթերցել անշտապ ու կանգ առնել առանձին գլուխների վրա: Քննարկեք այն ձեր ընտանիքի անդամների ու գործընկերների հետ: Համադրեք այս հանրամատչելի ձեռնարկը Տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման ուղեցույցի հետ: Հիշեք, որ հենց ձեզանից, ձեր գիտելիքներից, հմտություն‐կարողությունից է կախված, թե արդյոք, փորձանք կդառնա վերահաս փորձությունը, թե՝ անցյալի գիրկն անցած, դիմագրավված ու հաղթահարված հերթական մարտահրավեր: