Ոսկեվանցիները միավորվում են գյուղի զարգացման ծրագրերի շուրջ

Ոսկեվան

Ոսկեվան գյուղից դուրս բնակվող մի խումբ ոսկեվանցիներ միավորվել են հայրենի գյուղի համար կարևոր նպատակի շուրջ․ նրանց նախաձեռնությամբ հիմնադրվել է «Ոսկեվան հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությունը՝ գյուղից դուրս բնակվող հայրենակիցների հնարավորությունների ու ռեսուրսների մեկտեղման նպատակով, որն էլ կուղղի Ոսկեվանի զարգացմանը։  Միության ծրագրերը ներառում են ենթակառուցվածքների բարելավում, դրանց արդիականացում, ինչպես նաև սոցիալ-մշակութային նախագծերի իրականացում։

Միության անդրանիկ ժողովին հաջորդել է խորհրդանշական այցը գյուղի հերոսների պուրակ՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր ժամանակներում զոհված ոսկեվանցիների հիշատակին։

Համատեղ ջանքերով հնարավոր է զարգացնել գյուղը, նոր շունչ հաղորդել համայնքի սոցիալական ու մշակութային կյանքին․ այս տեսլականն է նորաստեղծ «Ոսկեվան հայրենակցական միության» հիմքում։ Իսկ համախմբվածության այս օրինակը խոստանում է դառնալ այն հիմքը, որի վրա կկառուցվի ավելի բարեկեցիկ, զարգացած և մշակութային կյանքով լեցուն սահանամերձ Ոսկեվանը։