Ոստիկանները բացահայտել են Բերդի համայնքապետարանի տերմինալից կատարված գողությունը

Հունվարի 13-ի առավոտյան ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված անհատ ձեռնարկատերը հայտնել էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բերդ համայնքի համայնքապետարանի շենքի առաջին հարկում տեղադրված տերմինալի դուռը և գողացել դրամարկղը, որի մեջ մոտ 260 հազար դրամ կար:

Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց հունվարի 28-ին. հայտնաբերվեց և ձերբակալվեց Երևանի 31-ամյա մի բնակիչ: Նա ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ նրան առաջադրվել է մեղադրանք: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Իսկ հունվարի 28-ին Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին Տավուշի մարզի պարեկները ստուգել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Տրանսպորտային միջոցի սրահում ատրճանակ և դանակներ են եղել։ Մեքենան և վարորդը տեղափոխվել են տարածքային քննչական բաժին։
Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ոստիկանները զենք են հայտնաբերել նաև հունվարի 30-ին: Նրանք Նոյեմբերյանի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Բեռնախցիկում «ՍԿՍ» տիպի հրացան կար:

21-ամյա վարորդը և մեքենան տեղափոխվել են Նոյեմբերյանի բաժին:Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: