Վստահելի տեղեկատվական միջավայրի ձևավորում Տավուշի մարզում

«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան՝ Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ,  իրականացնում են ծրագիր, որի նպատակը Տավուշի մարզում ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարն է, մեդիամանիպուլյացիայի կանխարգելումը, մեդիագրագիտության տարածումն ու բարձրացումը, ուսուցողական և խորհրդատվական միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը:

Կեղծ ու սուտ լուրերին դիմակայելը պահանջում է վճռականություն և գիտելիք՝ ճշգրիտ ու վստահելի տեղեկատվական հոսքերի ապահովման համար։ Սա հատկապես կարևոր է Տավուշի մարզի համայնքներում, որտեղ ապատեղեկատվությունը կարող է ապակողմնորոշել բնակչությանը ու առաջացնել բացասական տրամադրություններ, վախ ու անկայունություն։

Նոյեմբերի 18-ին Նոյեմբերյանի համայնքում անցկացվեց հանրային հանդիպում՝ «Մեդիագրագիտություն և ապատեղեկատվության դեմ պայքար» խորագրով։ Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց մեդիագրագիտության կարևորությանը և դրա հիմնական սկզբունքներին։ Տավուշ Մեդիայի լրագրող Էռնեստ Խանումյանը ներկաներին առաջարկեց քննարկելու մարզում առկա իրական դեպքերը։ Նա ներկայացրեց օրինակներ, որոնք արտահայտիչ կերպով ցույց են տալիս, թե որքան վնասակար կարող են լինել կեղծ լուրերը և ինչ մեխանիզմներով կարելի է կանխարգելել դրանց տարածումը։ Հանդիպման առանցքում էին նաև այն գործիքներն ու մեթոդները, որոնք կարող են օգնել բնակիչներին տարբերակել հավաստի տեղեկությունները կեղծ լուրերից։

Մասնակիցները ակտիվորեն մասնակցեցին հարցուպատասխանին՝  ներկայացնելով Նոյեմբերյանում շրջանառվող ապատեղեկատվության օրինակները։ Դրանք հիմնականում վերաբերում են սահմանային-անվտանգային թեմաներին։  Քննարկվեցին նաև կեղծ լուրերի աղբյուրները, դրանց տարածման հնարավոր դրդապատճառները և դրանց հակազդելու հնարավոր միջոցները։

Սիրելի տավուշեցիներ,

Տավուշի մարզում մեդիագրագիտության մակարդակի գնահատման և բարելավման նպատակով իրականացնում ենք հանրային հարցում Ձեր կարծիքը և փորձառությունը չափազանց կարևոր են մեզ համար՝ համայնքներում տեղեկատվական անվտանգության ամրապնդման և ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու համար։ Խնդրում ենք պատասխանեք նշված հարցերին:

Իսկ հանրային հանդիպումներն իրականացվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում: Նպատակը նույնն է՝  բարձրացնել Տավուշի բնակչության իրազեկվածությունն ու զարգացնել նրանց կարողությունները՝ դիմակայելու տարատեսակ ապատեղեկատվական վտանգներին։ Մասնակցելու համար դիմեք՝ info@tavushmedia.am հասցեին կամ զանգահարեք 060 460202 հեռախոսահամարով։


Այս հանդիպումն իրականացվել է Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Այս հոդվածում արտահայտված բովանդակությունը և կարծիքները հեղինակների պատասխանատվությունն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Freedom House միջազգային կազմակերպության տեսակետները։

Կարդացեք նաև՝