Վտանգավոր դեղամիջոցներ

Հաճախ նախքան բժշկի գալը մարդիկ հիվանդության հետ միայնակ են մնում։ Իսկ եթե հիվանդ է տան փոքրիկը, խուճապը համարյա անխուսափելի է։ Առաջին հերթին մարդիկ դիմում են դեղամիջոցների օգնությանը։ Այս պարագայում ամենակարեւորը երեխային չվնասելն է։ Այժմ բոլոր դեղատները լի են տարբեր երկրների արտադրության, թանկ ու էժան, քաղցր եւ դառը հաբերով, օշարակներով ու փոշիներով, որոնք ոչ միշտ են լիովին անվտանգ երեխայի առողջության համար։ Ահա մի քանի դեղամիջոց, որոնք փոքրիկներին հակացուցված են։

Ասպիրինն ամենահայտնի ջերմ իջեցնող, ցավազրկող եւ հակաբորբոքիչ դեղամիջոցներից է։ Սակայն գրիպով հիվանդ երեխայի համար այն կարող է մահացու վտանգավոր լինել։ Մեծացնելով անոթների թափանցելիությունը՝ ասպիրինը նպաստում է գրիպի վտանգավոր բարդացումների զարգացմանը՝ թոքաբորբ, արյան զեղում տարբեր օրգաններ եւ հյուսվածքներ։ Այդ պատճառով մանկաբույժները բարձր ջերմության դեպքում խորհուրդ են տալիս երեխային պարացետամոլ տալ, որը նման կողմնակի հետեւանքներ չունի։

Որոշ ծնողներ փորլուծության դեպքում փոքրիկներին “կապող”, փորն ամրացնող դեղեր են տալիս՝ իմոդիում, լեպոդիում կամ օսլայի լուծույթ։ Սակայն եթե փորլուծությունը որեւէ վարակի հետեւանք է, ապա հիվանդության ընթացքը կարող է բարդանալ։ Նախքան դեղերին դիմելն աշխատեք պարզել հիվանդության իրական պատճառը։

Կալիումի պերմանգանատի լուծույթը (մարգանցովկա) տնային պայմաններում բուժման ամենասիրելի միջոցներից է։ Սակայն փորլուծության եւ այլ խնդիրների առկայության դեպքում ստամոքսի լվացման համար լուծույթը կտրականապես արգելվում է տալ փոքրահասակ երեխաներին։ Այն կարող է “այրել” ստամոքսը, իսկ լավ չլուծված բյուրեղիկները կարող են վնասել աղիները։ Բացի դրանից, կալիումի պերմանգանատի լուծույթը թունավոր է։ Այն օրգանիզմից դուրս չի գալիս եւ, կուտակվելով, կարող է հանգեցնել ուղեղի ախտահարման։

Նախկինում բորի սպիրտը նշանակում էին ականջի բորբոքումը բուժելու համար։ Այն կարող է այրել լսողական անցքի մաշկը, վնասել եւ, նույնիսկ, պայթեցնել  ականջի թմբկաթաղանթը։ Այժմ բորի սպիրտը հազվադեպ են օգտագործում։ Անհրաժեշտության դեպքում մանկաբույժները խորհուրդ են տալիս օգտագործել հակաբորբոքիչ կաթիլներ՝ օտրիվին, օտիպաքս, սոֆրադեքս եւ այլն։

Բոլորին լավ հայտնի դիմեդրոլը կարող է երեխայի ջղաձգումների պատճառ դառնալ։ Այն շատ ուժեղ թունավոր ազդեցություն է գործում սրտի վրա։ Մրսածության հետ կապված հիվանդությունների (բրոնխիտ, թոքաբորբ) այն թանձրացնում է խորխը եւ խոչընդոտում օրգանիզմից դրա հեռացմանը։

Ընդհանրապես, դեղամիջոցները բուժման հիմնական կուրսի լավ հավելումներ են։ Սակայն դրանք չի կարելի կիրառել բարձր ջերմությամբ, փորլուծությամբ եւ սրտխառնոցով ուղեկցվող ինֆեկցիոն հիվանդությունների պարագայում։ Այդ ժամանակ մի հապաղեք դիմել բժշկի օգնությանը։