Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Renault Logan Van-ն ու Mercedes Viano-ն. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Իջևանի փրկարարները, պարեկներն ու բժիշկները
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան – Սևան – Իջևան ավտոճանապարհի 124 կմ-ին բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Գարիկ Կիրակոսյանի վարած Renault Logan Van մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 55-ամյա Գուրգեն Սեդրակյանի վարած Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault Logan Van-ի վարորդ Գ. Կիրակոսյանը, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 23-ամյա Հարություն Կիրակոսյանը, Mercedes Viano-ի վարորդ Գ. Սեդրակյանն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Մավրիկ Դ.-ն, 63-ամյա Սեդրակ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկ Աստիկյանն ու կրտսեր պարեկ Մխիթարյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աչինյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Պարեկային ծառայության Տավուշի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։