Խուսափեք հրդեհավտանգ իրավիճակներից

Հրդեհավտանգ իրավիճակներ

Հնարավոր հրդեհավտանգ իրավիճակներից խուսափելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բուսածածկն այրելու փորձերից, որոնք կարող են առաջացնել անկանխատեսելի հետևանքներ:

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50.000դր.) երեքհարյուրապատիկի (300.000դր.) չափով:

– – –
Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`
• վառել խարույկներ չնախատեսված վայրերում:
Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.
• նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
• ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.
• կատարել չոր խոտի, խոզանի այրում.
• բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.
• թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:
Հարգելի քաղաքացիներ, նկատված հրդեհի կամ ծխի դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարին: