Եղեք ուշադիր

Երեխաներն ընտանիքի “թույլ” օղակն են, ամենից խոցելի եւ առավել շատ ենթակա տարատեսակ վտանգների: Նրանց անվտանգությունը խնդիր է բոլոր ծնողների համար: Եթե փոքրուց չսովորեցնեք երեխային լինել ուշադիր, կարողանալ պաշտպանել ինքն իրեն եւ ինքնուրույն հոգալ սեփական անվտանգության մասին, ապա եւ՛ նա, եւ՛ դուք կարող եք բախվել բազմաթիվ խնդիրների ու հաճախ հայտնվել տհաճ իրավիճակներում: Ուստի դեռեւս վաղ հասակից երեխային պետք է ծանոթացնել իր անվտանգությունն ապահովելու տարրական հմտություններին: Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս նրանց ուսուցումը տանել երկու զուգահեռ ուղղությամբ: Առաջինն, իհարկե, ուսուցումն է, երեխայի հետ տարվող բացատրական աշխատանքը: Ջանացեք նրա մեջ մշակել վարքի որոշակի կանոններ, որոնք պետք է դառնան համարյա մեխանիկական, բնազդային:

Դրա համար անհրաժեշտ է.

  • շրջապատում կատարվող իրադարձություններն ընկալելիս օգտագործել բոլոր զգայարանները (աչքեր, ականջներ, քիթ եւ այլն).
  • վստահել բնազդին եւ գործել դրան համապատասխան.
  • կարողանալ ժամանակին եւ ճիշտ որոշումներ ընդունել (երբ պետք է բղավել, երբ եւ ումից օգնություն խնդրել, երբ փախչել, երբ ուշադիր նայել շուրջը եւ այլն).
  • նկատել եւ հիշել շրջապատում եղած բոլոր մանրուքները.
  • լավ իմանալ այն տարածքը, որտեղ բնակվում եք.
  • չմոտենալ լքված, ամայի վայրերին.
  • հեռու մնալ թանձր բուսականությամբ ծածկված վայրերից, որտեղ կարող են մարդիկ թաքնվել.
  • իմանալ մոտակայքում եղած բոլոր այն վայրերը (խանութներ, գրասենյակներ, պետական մարմինների շենքեր եւ այլն), որտեղ կարելի է թաքնվել, օգնություն խնդրել կամ որտեղ ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ կան.
  • հնարավորության դեպքում միշտ շրջել մեծ ընկերախմբով.
  • աշխատել քիչ ուշադրություն գրավել պահվածքով (բարձր-բարձր չխոսել, ոչ մեկին մատնացույց չանել եւ այլն) եւ արտաքինով (թանկարժեք զարդեր, բջջային հեռախոս եւ այլն):

Այս հատկություններն ու սովորությունները երեխայի մեջ պետք է մշակել աստիճանաբար, ժամանակ առ ժամանակ խոսելով ու բացատրելով նրան, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն պարագայում:

Երեխայի անվտանգությունն ապահովելու երկրորդ ուղղությունը շրջապատի հետ տարվող աշխատանքն է: Եթե ցանկանում եք փոքրիկին միայնակ ուղարկել դպրոց կամ բակում խաղալու, ապա նախապես շրջեք նրա հետ բոլոր հարակից փողոցներում՝ համոզվելու համար, որ այնտեղ երեխային որեւէ վտանգ չի կարող սպառնալ, ինչպես նաեւ նրան ցույց տվեք բոլոր այն վայրերը, որտեղ այնքան էլ ապահով չէ գտնվել: Նրա հետ որոշեք այն ճանապարհը, որով նա պետք է դպրոց գնա: Պայմանավորվեք, որ նա երբեք չպետք է շեղվի ձեր նախանշած ուղուց, փորձի ճանապարհը կարճել, շրջանցել կամ դասերից հետո ավելի երկար մնալ դպրոցի բակում, երբ դասընկերներն արդեն տուն են գնացել: Նրան միայնակ դպրոց թողնելուց հետո որոշ ժամանակ աննկատ կերպով կարող եք հետեւել նրան՝ համոզվելու համար, որ նա ճշտորեն կատարում է ձեր հրահանգները:

Երեխային անհրաժեշտ է սովորեցնել, թե վտանգի դեպքում երբ, որտեղ եւ ումից կարելի է օգնություն խնդրել: Այդ մարդկանց ընտրությունը պետք է կատարեն ծնողները: Օրինակ՝ դա կարող է լինել դպրոցի մոտ գտնվող կրպակում աշխատող ձեր հարեւանը: Ընտրությունը անհատականացված է ու կախված տարբեր գործոններից: Սակայն գոյություն ունեն մի քանի ընդհանուր սկզբունքներ: Այսպես ասած □անվտանգության կղզյակներ□ կարող են լինել դպրոցը, մթերային խանութը, բանկը, ոստիկանության կամ հրշեջ մասը, գրադարանը եւ այլն:
Երեխային կարող են օգնել հարեւանը, ընտանիքի մտերիմներից մեկը, ազգականը, ոստիկանը, մոտակա կառույցի (դպրոց, խանութ եւ այլն) պահակը կամ անվտանգության աշխատակիցը եւ բոլոր համազգեստ հագած անձինք: Ահա թե ինչու են մասնագետները խորհուրդ տալիս դիմել համազգեստով մարդկանց.

  • շատ մեծահասակներ օգնություն խնդրող երեխաների կամ դեռահասների նկատմամբ վստահություն չեն տածում, եւ նույնիսկ վախենում են, այլ ոչ թե կարեկցում.
  • համազգեստով մարդիկ իրենց աշխատանքի բնույթից ելնելով ստիպված են որոշակի ծառայություններ մատուցել, ուստի նրանք ի սկզբանե պատրաստ են օգնել ուրիշին.
  • դիմելով քաղաքացիական հագուստով մարդու՝ երեխան իրեն որոշակի վտանգի է ենթարկում, մինչդեռ հավանականությունը, որ համազգեստով անձը կարող է խուլիգան կամ հանցագործ լինել, շատ չնչին է, սակայն փոքրիկին պետք է սովորեցնել, որ նա ուշադրություն դարձնի գլխարկի ձեւին, դրա վրայի զինանշանին, ուսադիրներին եւ համազգեստի մյուս պարագաներին:

Այլ մարդուց եկող վտանգը ոչ միշտ է ակնհայտ: Հնարավոր է, որ սկզբում նա փորձի երեխայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել: Այս ռիսկն ամբողջությամբ բացառել հնարավոր չէ, սակայն կարելի է հասցնել նվազագույնի՝ երեխային սովորեցնելով լինել զգույշ եւ ուշադիր: Այս առումով խորհուրդներ տալը շատ դժվար է, քանի որ անսպասելի եւ արտակարգ իրավիճակներում հայտնվելուց ապահովագրված չեն ո՛չ մեծահասակները, ո՛չ էլ առավել եւս փոքրերը: Ահա դրանց հավանականությունը նվազեցնելու մի քանի ընդհանուր կանոն:

  • Երեխաների հետ պետք է հասատատել եւ պահպանել փոխադարձաբար վստահելի հարաբերություններ, որպեսզի միշտ իմանաք նրա հետ կատարվող բոլոր իրադարձությունները:
  • Հիշեք, որ անվտանգության չհիմնավորված միջոցները կարող են բացասաբար ազդել երեխայի վրա՝ նրան դարձնելով երկչոտ եւ անընդունակ հաղթահարելու նույնիսկ չնչին դժվարությունները:
  • Երեխայի համար անհատական պարապմունքների ուսուցիչ ընտրելիս պետք է նախապես հետաքրքրվել նրա ոչ միայն մասնագիտական, այլեւ անձնական հատկություններով:
  • Երեխան պետք է սովորություն դարձնի մինչեւ մութն ընկնելը տուն վերադառնալ եւ միշտ ծնողներին տեղյակ պահել իր գտնվելու վայրի մասին:
  • Առանց ծնողների թույլտվության չի կարելի ուրիշներից քաղցրավենիք կամ այլ նվերներ ընդունել:
  • Ասացեք փոքրիկին, որ չի կարելի ծնողների բացակայության պարագայում անծանոթ մարդկանց հետ խոսել:
  • Երեխաներին սովորեցրեք արագ արձագանքման ծառայությունների հեռախոսահամարները եւ ինչպես պետք է օգտվել տան ու բջջային հեռախոսներից:
  • Փոքրիկներն իրենց ընկերներին տուն պետք է հրավիրեն միայն այն ժամանակ, երբ ծնողներից մեկը նույնպես տանն է:
  • Սովորեցրեք նրանց, որ անկախ ծնողների ուշադրությունից, իրենք եւս պետք է զգոն լինեն՝ մշտապես փակ պահեն մուտքի դուռը, ջրի ծորակը, գազօջախը, միացրած չթողնեն էլեկտրական սարքերը եւ այլն: