Եղինջ

Ինչպես ամեն լավ բան, եղինջն էլ նույնպես հեշտությամբ չի տրվում։ Զգու՛յշ եղեք քաղելիս, քանի որ այն կկծի ձեր ձեռքերը։ Բայց հավատացեք՝ արժի, քանի որ առաջին հպումից մինչև ուտելը եղինջը շատ առողջարար է և որպես բոնուս՝ նաև շատ համեղ է։

Ինչպե՞ս պատրաստել․․

Վերցնում ենք եղինջ՝ 0․5-1 կգ, շատ լավ լվանում հոսող ջրի տակ, այնուհետև խաշում մոտ 10-15 րոպե։ Խաշելուց հետո առանձնացնում ենք ջրից և մանրացնում դանակով կամ այլ հարմարանքով։ Կաթսայի մեջ լցնում ենք ձեթ, ըստ ցանկության նաև մեկ փոքր կտոր կարագ կարքող եք ավելացնել, որպեսզի էլ ավելի համեղ լինի և ավելացնելով մեկ միջին գլուխ մանր կտրատած սոխ՝ պատրաստում ենք վարդագույն սոխառած։ Այնուհետև ավելացնում ենք եղինջը և մոտ 7-8 միջին չափի մանր խորանարդիկներով կտրատած կարտոֆիլը։ Խառնում ենք և ավելացնում մոտ 2 լիտր տաք ջուր։ Ջուրը կարող եք ավելացնել ըստ ձեր ճաշակի, թե ինչքան թանձր կամ նոսր եք նախընտրում։ Թողնում ենք եփվի մոտ 15 րոպե, այնուհետև տապակի միջոցով փխրեցնում եք կարտոֆիլները, խառնում և ավելացնում աղ, կծու բիբար կամ սև պղպեք, մեկ-երկու պճեղ մանրացրած սխտոր։ Սպասում ենք մի քանի րոպե եփվի և վերջում ավելացնում ենք 3-4 հարած ձու, խառնում, թողնում 2-3 րոպե եփվի և ավելացնում ենք խառը կանաչի կտրատված ու անջատում։

Մատուցում ենք սխտորմածունով։

Իհարկե, ովքեր չեն սիրում սոխ, ձու, սխտոր կամ կարտոֆիլ, շատ հանգիստ կարող եք բացառել այդ ամենը և պատրաստել այնպես, ինչպես սիրում եք։

ԹԱԲՈՒԼԵ

Մինչ եփվում է եղինջը, նախապես տաք ջրի մեջ թրջած և ջուրը մաղած մոտ 200-300 գրամ բլղուրին ավելացնում ենք ձեռքի տակ եղած կանաչիներ՝ սոխ, համեմ, պետրուշկա, սամիթ, կոտեմ (հատուկ օգտագործում եմ մեր առօրյա գործածական անունները), ինչքան շատ, այնքան լավ, այնուհետև պոմիդոր(լոլիկ)՝ կլինի թարմ, կամ մարինացված, կամ տոմատի տեսքով ըստ ճաշակի։ Ես ավելացրել եմ մարինացված պոմիդոր՝ մոտ 4-5 հատ։ Վերջում ավելացնում ենք աղ, սև պղպեք, ձեթ և մեկ կիտրոնի հյութ․ նշեմ, որ կիտրոնը կարող եք քամելուց հետո կտրատել և լցնել մեջը։