Ենոքավանում կյանքի է կոչվում ԱՆԻՖ-ի և «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ ներդրումային ծրագիրը
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի և «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի աշխատանքները մոտենում են ավարտին, և բոլոր ծառայությունները շուտով հասանելի կլինեն հանրությանը։
«Ապագա Փրոջեքթս» ընկերությունը համակարգում է երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։
«Ապագա Փրոջեքթս» ընկերության տնօրեն Տիգրան Չիբուխչյանը ներկայացնում է կատարված աշխատանքները։ «Մենք հիմա ընդլայնվում ենք ԱՆԻՖ-ի աջակցությամբ․ կունենանք գրեթե երկու անգամ ավելի աշխատատեղ, քան հիմա։ 2019 թվականին հասել էինք դեպի համայնք 97 հազար տարեկան այցելուների թվի, այժմ նպատակն է հասնել մինչև 250 հազար այցելուների թվին»։
«ԱՆԻՖ»-ի և «Ապագա Փրոջեքթս»-ի միջև համագործակցությունն ուղղվել է «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի կառուցմանը և սպորտային զվարճության նոր հարթակի ներդրմանը, ինչպես նաև «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների, այդ թվում՝ նոր խոհանոցի զարգացմանը և համարային ֆոնդի ավելացմանը։
ԱՆԻՖ-ի դուստր` «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանի խոսքով՝ «Ապագա Փրոջեքթս»-ում իրականացված ներդրումը հատկապես կարևոր էր համայնքային զարգացման տեսանկյունից․ «ներդրումը անմիջական ազդեցություն է ունենալու Ենոքավան համայնքի և հարակից համայնքների կյանքի որակի և տնտեսական կյանքի վրա»։
ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ընկերության ներդրումային ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով տեղական բիզնեսի զարգացման խթանումը։ Ֆոնդը ներդրումներ է իրականացնում տեղական ընկերություններում՝ նպաստելով հայաստանյան ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ֆոնդի կողմից ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը, որոնք համապատասխանում են ֆոնդի չափանիշներին: Ֆոնդի մասնակցությունը 25% – 49% է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: