ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ընտրել է Իջևանի մասնաճյուղի նոր տնօրենին
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով, որի ժամանակ գնահատվել է ԵՊՀ ռեկտորի՝ 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը, 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականը, հաստատվել են նոր՝ ԵՊՀ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, առաջարկված կառուցվածքային փոփոխությունները, 2025 թ. կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե), պայմանագրեր և ԵՊՀ տարածքի մի մասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը։ Նիստի ժամանակ տեղի է ունեցել նաև ԵՊՀ ԻՄ տնօրենի ընտրությունը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար նախապես հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով ստացվել է մեկ հայտ Մհեր Օթարյանի կողմից։
Տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ ԻՄ դասախոս Մհեր Օթարյանը կրթությունը ստացել է ԵՊՀ-ում և 2021 թվականից զբաղեցնում է ԻՄ փոխտնօրենի պաշտոնը։ Ներկայացնելով ԻՄ զարգացման իր ծրագիրը՝ նա ընդգծեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պետք է շարունակի պատրաստել որակյալ գիտամանկավարժական կադրեր ինչպես Տավուշի մարզի, այնպես էլ ողջ հանրապետության համար։
Նրա համոզմամբ, ԻՄ-ն մարզային կրթական կենտրոն է, և անհրաժեշտ է ծրագրերը դարձնել ավելի ճկուն, իսկ դասընթացներն անցկացնել նորարարական մեթոդներով. «Պետք է զարգացնել նյութատեխնիկական և տեղեկատվական ապահովվածությունը, խթանել ակադեմիական շարժունակությունը, ինչպես նաև ընդլայնել գիտակրթական ու մշակութային կապերը այլ ուսումնական հաստատությունների հետ»։
Մ. Օթարյանի խոսքով, անհրաժեշտ է ներդնել որակի ապահովման վերահսկման արդիական համակարգ. «Սահմանափակ ռեսուրսների պայմաններում կառավարման համակարգի արդյունավետության շարունակական բարելավումը ևս առանցքային նշանակություն ունի»։
Ընտրության նպատակով կազմվեց հաշվիչ հանձնաժողով և հայտարարվեց փակ, գաղտնի քվեարկություն։ Արդյունքում 15 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Մհեր Օթարյանն ընտրվեց ԵՊՀ ԻՄ տնօրեն։