ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «ԱՄԻՕ բանկ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

2025 թ. հունիսի 19-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Մհեր Օթարյանի, և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տեղակալ, գլխավոր գործառնական տնօրեն, վարչության անդամ Ազամատ Խակույի, կնքեցին փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի բարձր առաջադիմություն ունեցող և ֆինանսապես անապահով ընտանիքների ուսանողների 1 տարվա ուսման վարձավճարի աջակցումը, ինչպես նաև հետագայում նրանց պրակտիկայի կազմակերպումը և լավագույն շրջանավարտներին աշխատանքի ընդունումը:
Նախքան հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել փոխհամագործակցության ծրագրերին ու հեռանկարներին վերաբերող քննարկում:
Կնքված հուշագրով կողմերը պայմանավորվեցին՝
• համատեղ մշակել և կազմել լավագույն առաջադիմություն ունեցող և ֆինանսապես անապահով ընտանիքների ուսանողների տվյալները,
• ԵՊՀ ԻՄ ուսանողներին լիարժեք ներկայացնել «Ամիօ Ժամանակաշրջան» բարեգործական կրթական ծրագիրը և ծրագրին մասնակցելու պայմանները,
• համալսարանի բոլոր տեղեկատվական հարթակներում ապահովել ծրագրի մասին տեղեկատվական նյութերի տարածումը,
• ապահովել բանկի կողմից ծրագրի բոլոր մրցութային փուլերն անցած ուսանողների հաջորդ տարվա կրթավճարի վճարումը,
• ապահովել համալսարանի կողմից բանկին ուսանողների վերաբերյալ տեղեկատվության (որակավորման միջին գնահատականը, կենսագրական որոշ տվյալներ և այլն) տրամադրումը,
• անհրաժեշտության դեպքում համատեղ կազմակերպել քննարկումներ, հանդիպումներ,
• համատեղ իրականացնել գիտաժողովներ, կոնֆերանսներ և սեմինարներ:
• «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի կողմից համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար կազմակերպել բաց դռների օր՝ բանկի կողմից իրականացվող գործառույթները, խնդիրները և կատարվող աշխատանքները ներկայացնելու համար:
• պարբերաբար վերլուծել և գտնել համագործակցությունն ավելի գործարար և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղիներ:
Ծրագրի մանրամասները ներկայացված են բանկի այս նախագծի պաշտոնական կայքում։