ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը առաջատար է մարզային բուհերի շարքում
2023-2024 ուստարվա բակալավրիատի ընդունելության դիմորդների թվով Երևանի պետական համալսարանը կրկին առաջատար է հայաստանյան, իսկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ մարզային բուհերի շարքում։
Բակալավրի 59 կրթական ծրագրերի հայտարարված 2461 տեղի համար ընդունելության առաջին փուլով Մայր բուհը ունի 3159 դիմորդ։ Նախորդ տարվա համեմատ այս տարի դիմումներն ավելացել են գրեթե 10 տոկոսով։
ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը գրում է.
«Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ ավելի մեծ թվով դիմորդներ ունեցող կրթական ծրագրերի շարքում են նաև այն 6 ծրագրերը, որոնց դեպքում սահմանված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք։ Սա վստահաբար պայմանավորված է դիմորդների շրջանում պետության սահմանած առաջնահերթությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաև հետագայում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու վստահությամբ։
Հաջողություն եմ մաղթում մեր բոլոր դիմորդներին։ Մենք սպասում ենք ձեզ Երևանի պետական համալսարանում։»