ԵՊՀ ԻՄ-ում կայացել է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ապրիլի 15-ին մեկնարկեց «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը: Համաժողովի նպատակը ուսանողական հետազոտությունների խթանումն է, ուսանողների՝ մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:

Երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովին մասնակցում էին բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ` Հայաստանից և աշխարհի 62 համալսարաններից:

Արտերկրից ժամանած երիտասարդ հետազոտողները կիսվեցին նաև իրենց տպավորություններով ու ակնկալիքներով:

Համաժողովի շրջանակում  քննարկվեցին մանկավարժության արդի հիմնախնդիրները, ներկայացվեցին սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ասպարեզում գիտական հետազոտությունները,  քննարկումներ ծավալվեց նաև մանկավարժության զարգացման հիմնական միտումների, արժեքների ու հեռանկարների վերաբերյալ:

Գիտագործնական համաժողովի շրջանակում  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը հետագայում ևս  բազմակողմանի հնարավորություններ է ընձեռելու ուսանողներին և դասախոսներին:

Նախաձեռնողների հավաստմամբ՝ նմանօրինակ համաժողովները կրելու են շարունակական բնույթ՝  նպաստելով ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացմանը: