Երևան քաղաքը 85 ազդարարման սարք է տրամադրել Տավուշի մարզին
Նոյեմբերի 6-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Երևանի առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի գլխավորած աշխատանքային խմբին՝ քննարկելու համայնքային անվտանգության և զարգացմանն ուղղված առաջնահերթ ծրագրերը։
Հանդիպմանը ներկա էին նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքների ղեկավարներ Արթուր Ճաղարյանը և Դավիթ Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը։
Տավուշի մարզպետը իր ողջույնի խոսքում կարևորել է Երևանի քաղաքապետարանի կողմից Տավուշի մարզին ցուցաբերված աջակցությունը՝ մասնավորապես 85 ազդարարման սարքերի տրամադրումը, որոնք նպաստելու են համայնքային անվտանգության և արագ արձագանքման կարողությունների ամրապնդմանը։
Երևանի փոխքաղաքապետը նշել է, որ 85 ազդարարման սարքերի նվիրաբերումը ընդամենը առաջին քայլն է, քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել նաև այլ նախաձեռնությունների շուրջ, որոնք ուղղված կլինեն համայնքների անվտանգության մակարդակի բարձրացմանը և բնակչության պաշտպանվածության ապահովմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համայնքապետարանների միջև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: Բացի ազդարարման սարքերից, նշվել են նաև համայնքային զարգացման ծրագրեր, որոնք ներառում են սոցիալական, տնտեսական և ենթակառուցվածքային նորարություններ՝ ուղղված Տավուշի մարզի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
Հանդիպումը եզրափակվել է կողմերի պատրաստակամությամբ՝ շարունակելու նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները, որոնք նպատակ ունեն ուժեղացնելու պետական և համայնքային կառույցների համագործակցությունը՝ ի նպաստ մարզի բնակչության անվտանգային և սոցիալական զարգացման։
Նյութը՝ Տավուշի մարզպետի աշխատակազմի էջից։