Երկիր մոլորակի օրը` Հովքի «Կանաչ ուսուցման կենտրոնում»
Ամբողջ աշխարհում ապրիլի 22-ը նշվում է Երկիր մոլորակի օրը։ Հովքի գյուղի «Կանաչ ուսուցման կենտրոնում» այս տարի միաժամանակ նշվեց և հարգանքի տուրք մատուցվեց անվանի բնապահպան, Կովկասի բնապահպանական կազմակերպությունների ցանցի հիմնադիր Նանա Ջանաշիային։
Նանա Ջանաշիան բնապահպան գիտնական էր, ով հսկայական ներդրում ունի ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի տարբեր երկրների շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության և կայուն զարգացման ոլորտներում։ Հիշատակի միջոցառման շրջանակում Հովքի Կանաչ ուսուցման կենտրոնի բնապահպանական հատվածը անվանակոչվեց Նանա Ջանաշիայի անունով։
Նանան իր կենդանության օրոք աջակցել է «Կանաչ արահետի», ինչպես նաև Հայաստանում գործող մի շարք բնապահպանական կառույցների կայացմանն ու զարգացմանը։ Նրան ճանաչողներն ընդգծում են՝ նա երկրագնդի մարդ էր և փորձում էր ոչ միայն վեր հանել անլուծելի թվացող բնապահպանական խնդիրները, այլև գտնել դրանց մեղմման ու լուծման ուղիները՝ մասնակից լինելով դրանց իրականացմանը։