Երկրաշարժ Ադրբեջանում, որն զգացվեց Հայաստանում

Երկրաշարժ Հայաստանում

Ճգնաժամային հաղորդակցության միջազգային փորձագետ Նիկոլայ Գրիգորյանն իր էջում գրել է.

«Դեկտեմբերի 21-ին գիշերը երեքն անց էր՝ երկրաշարժերի Last Quake հավելվածն ահազանգեց մոտերքում տեղի ունեցած 4.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի մասին: Ադրբեջանի տարածքում էր, Գյանջայի մոտ: Բայց զգացվել էր ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում: Նաև Իրանում: Ընդամենը մեկ ամիս առաջ նույն տեղում էլի երկրաշարժ էր, որը մենք էլ զգացինք: Չգիտեմ ձեզ ինչքանով կհետաքրքրի, բայց վերջին մեկ ամսում 4 մագնիտուդին մոտ ու ավելի 17 երկրաշարժ է արձանագրվել Ադրբեջանում: Իսկ երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն:

1139 թ. Գանձակն ավերած աղետաբեր երկրաշարժի մասին Կիրակոս Գանձակեցին գրում է.
«Գանձակի երկրաշարժը կործանեց քաղաքը և շինությունները, քաղաքը տապալվեց բնակիչների վրա… Երկրաշարժից մեռավ մեծ վարդապետ Գրիգորը, հանդերձ բազմաթիվ այլ մարդկանց՝ կանանց ու մանուկների, որոնց թիվ չկար և որոնք սպանվեցին` մնալով շենքերի փլատակներում: Փլվեց և Ալհարկ լեռը, և կապեց այն ձորակը, որն անցնում էր նրա միջով, որից գոյացավ ծով, որը մնում է մինչև այսօր»:

——
Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 21-ին` տեղական ժամանակով ժամը 03:01-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 20-ին` ժամը 23։01-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․83⁰ և արևելյան երկայնության 46.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Քելբաջար քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ընթերցեք նաև՝

Հայաստանի երկրաշարժերի մասին պատմական վկայություններ