Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք

Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ,  Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԶԳԱՑՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ.

Ո՞րն է երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման գլխավոր ուղղությունը.

– Հիմնախնդրի լուծման համար պարտադիր է կատարել հետևյալ քայլերը. հուսալի գնահատել տարածքների սեյսմիկ վտանգը, գնահատել շենքերի և կառույցների սեյսմիկ խոցելիությունը, ապա և տարածքների սեյսմիկ ռիսկը, վերջապես՝ իրականացնել պլանավորված գործողություններ սեյսմիկ ռիսկի նվազեցման համար: Վերջին խնդիրը` ռիսկի նվազեցումը, բարդ, մեծ նյութական միջոցներ և ժամանակ պահանջող գործընթաց է:

Ուժեղ երկրաշարժից հետո տուն վերադառնամ, թե՞ոչ.

– Ուժեղ երկրաշարժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:

Ի՞նչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը.

– Երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու: