Յուրա Ամիրխանյանի «Կոթի» գրքի շնորհանդեսը հեղինակի հայրենի գյուղում
Կոթի գյուղի մշակույթի տանը հոկտեմբերի 9-ին կայացավ Յուրա Ամիրխանյանի «Կոթի» գրքի շնորհանդեսը` լրացված ու վերամշակված տարբերակով:
Գրքի հեղինակ Յուրա Ամիրխանյանը Կոթի գյուղից է. մեզ հետ զրույցում պատմեց, որ նպատակը Կոթիի դարերի պատմության ամբողջացումն ու դրա ներկայացումն է հանրությանը: Թեև գյուղը երկար տարիներ ու մինչ օրս 3 կողմից շրջապատված է ադրբեջանական գյուղերով, երբեք չի դատարկվել ու չի կորցրել իր հայկական դիմագիծը:
Շնորհանդեսի միջոցառմանն ներկա էին ու եկել էին շնորհավորելու Կոթի գյուղի բնակիչները, հեղինակի գործընկերներն ու մեր հայրենակիցները` Հայաստանի այլ վայրերից, իսկ Կոթի բնակավայրի վարչական ղեկավարը գյուղի անունից շնորհակալագիր հանձնեց Յուրա Ամիրխանյանին` կատարած աշխատանքի համար:
Միջոցառումն իրենց ազգային երգուպարով զարդարեցին Կոթիի մշակույթի տան սաները․ երեխաները մեջբերումներ կատարեցին նաև հեղինակի գրքից: