Յուրա Չոբանյանը 23 տարեկան կդառնար. օծվել է նրա հիշատակին կառուցված եկեղեցին
Ապրիլի 20-ին հանդիսապետությամբ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, մասնակցությամբ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի և Իջևանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանի` Արծվաբերդում կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոս Յուրա Վրեժի Չոբանյանի հիշատակին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը։
Արարողությանը ներկա են եղել Բերդի համայնքապետարանի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, ավագանու անդամներ, Արծվաբերդ, Այգեպար, Չորաթան բնակավայրերի վարչական ղեկավարները, Յուրա Չոբանյանի հարազատները, համագյուղացիները։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Յուրայի շիրմաքարին, այնուհետև կատարել են ՀՀ օրհներգը։
Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է Յուրա Չոբանյանի ծնողների նախաձեռնությամբ։
Ճարտարապետը և շինարարն Արտակ Բեգյանն է։
Եկեղեցու օծման արարողությունը կայացել է Յուրա Չոբանյանի ծննդյան օրը. այսօր նա կդառնար 23 տարեկան։
Յուրա Չոբանյանը ծնվել է 2001 թ.-ի ապրիլի 20-ին, Արծվաբերդում։ Սովորել է Արծվաբերդի հիմնական, ապա Բաբկեն Աղաբաբյանի անվան միջն. դպրոցներում։