Զորականում ուսանողին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ 5 անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Նոյեմբերի 27-ի երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Օգտատերը նաև գրել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի երիտասարդ:

ՀՀ քննչական կոմիտեից Տավուշ Մեդիային հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առեւանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,- հայտնեցին Քննչական կոմիտեից:   

Նշենք, որ դեպքը նոր չէ, տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դեպքի առթիվ հայտարարություն է տարածել:

«Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում՝ բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերին արձագանքման և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում:

Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, իսկ պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս։

Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն։

Պաշտպանը կարևորում է նաև պետական մարմինների, հատկապես իրավապահ համակարգի, խնամակալության և հոգաբարձության մարմինների ակտիվ, համակարգված և անհապաղ գործողությունների իրականացումը։ Վերոնշյալ մարմինները պարտավոր են ոչ միայն համակողմանի գնահատել տեղի ունեցածը, այլ նաև ապահովել՝ տուժած ուսանողի անվտանգությունը, անհրաժեշտ բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցությունը, ինչպես նաև համայնքում և ուսումնական հաստատություններում բռնությունը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:

Պաշտպանն ընդգծում է, որ կրթական հաստատություններում բռնության հայտնաբերման, կանխարգելման և պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։ Այս իմաստով անհրաժեշտ է անհապաղ՝ երեխաների հետ աշխատող և երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման, բացահայտման և արձագանքման պարտավորություն ունեցող բոլոր մասնագետների համար պարտադիր դասընթացներ և պարբերական վերապատրաստումներ անցկացնել, ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ թեմաներ ներառել, երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման, դրանց կանխարգելման և արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքների հստակ մեթոդաբանության, գործիքակազմերի և ուղեցույցների պարտադիր կիրառությունն ապահովել, ինչպես նաև ուսումնական հաստատությունների և պետական մարմինների աշխատողների կողմից երեխայի նկատմամբ որևէ տեսակի բռնություն կիրառելու դեպքերի հաղորդման և արձագանքման համար հստակ կառուցակարգեր ներդնել՝ ապահովելով գաղտնիությունն ու բացառելով երեխայի թիրախավորումը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է անում անհապաղ հեռացնել և չտարածել բռնության տեսարաններով տեսանյութը՝ ելնելով երեխայի լավագույն շահի ապահովման և «Մի՛ վնասիր» սկզբունքներից։

Պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու պաշտպանել երեխայի իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել անվտանգ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը», – նշված է հայտարարության մեջ: