Պարում են աղջիկները, ծաղկում է Դիլիջանը. Գեղարվեստի դպրոցն ամփոփեց ուսումնական տարին

Դիլիջանի գեղարվեստի դպրոցն ամփոփեց ուսումնական տարին

Ազգային պարերի ռիթմը, գունեղ տարազներն ու բեմը լցրած անկեղծ ժպիտները Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում երեկոն վերածեցին մշակութային տոնի։ Այստեղ Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցը հաշվետու համերգով ամփոփեց անցնող ուսումնական տարին, որն այս տարի «Պարում են աղջիկները, ծաղկում է Դիլիջանը» խորագիրն էր կրում։

Ավելի քան 150 սաներ՝ Դիլիջան, Թեղուտ և Հաղարծին բնակավայրերից, բեմ բարձրացան՝ ներկայացնելով 40-ից ավելի պարային կատարումներ։ Ազգային ու ժողովրդական պարերից մինչև ժամանակակից բեմադրություններ՝ յուրաքանչյուր համար պատմում էր հայկական մշակույթի, ինքնության և արվեստի հանդեպ սիրո մասին։

Դպրոցում իրականացվող առաքելության և սաներին ընձեռվող հնարավորությունների մասին ընդգծեց Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի տնօրեն Հրեղեն Գասպարյանը. «Մեր դպրոցում երեխաները ստանում են գեղագիտական դաստիարակություն և մասնագիտական կրթություն։ Սա լայն հնարավորությունների հարթակ է մշակույթի և արվեստի ոլորտում սեփական տաղանդն ու ներուժը բացահայտելու համար»։

Այս տարվա համերգն առանձնահատուկ խորհուրդ ուներ։ Այն նվիրված էր դպրոցի հիմնադիր, ժողովրդական արվեստի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին։ Ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված բոլոր միջոցառումներն անցկացվել են հոբելյանական տարվա շրջանակում՝ արժևորելով դիլիջանցիների սիրելի ու մտերիմ Վանիկի՝ Հովհաննես Շարամբեյանի թողած մշակութային ժառանգությունը։

Օրվա հուզիչ ու կարևոր պահերի մասին կիսվեց նաև դպրոցի շրջանավարտ Անգելինա Պապյանը. «Այս օրն ինձ համար առանձնահատուկ է ու անչափ հուզիչ, քանի որ այսօր ավարտում եմ հարազատ դպրոցը։ Այստեղ ստացած գիտելիքներն ու մշակութային արժեքները միշտ ուղեկցելու են ինձ»։

Եվս մեկ ուսումնական տարի պատմություն դարձավ, իսկ հնչող ծափահարությունները լավագույն գնահատականն են երեխաների, մանկավարժների և այն աշխատանքի, որի շնորհիվ գեղագիտական արժեքները շարունակում են ապրել ու փոխանցվել սերնդեսերունդ։

Դիտեք նաև՝