Հաղթանակ գյուղում անցկացվեցին գյուղի հիմնադրման 77-ամյակին նվիրված միջոցառումներ

Պատանի դհոլահարների հանդիսավոր համազարկն ազդարարեց Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղի տոնական օրվա մեկնարկը։ Արդեն մի քանի տարի շարունակ գյուղում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, նշել նաև Հաղթանակի հիմնադրման տարեդարձը։ Այս տարի Հաղթանակի բնակիչները տոնեցին գյուղի հիմնադրման 77-ամյակը։
Տոնական միջոցառումները մեկնարկեցին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրում։ Գյուղի հյուրերն ու բնակիչները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայրենիքի պաշտպանությանը։
Հաղթանակ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Շառոյանը իր խոսքում նշեց, որ Հաղթանակում այս օրը վաղուց արդեն համայնքային տոնի է վերածվել՝ միավորելով պետական արժեքների, ազգային խորհրդանիշների և գյուղի պատմության հանդեպ հարգանքը։ Նրա խոսքով՝ օրը խորհրդանշում է գյուղի ու բնակիչների անցած ճանապարհը, համայնքի միասնականությունը, պատասխանատվությունը և ապագայի նկատմամբ հավատը։
Տոնական միջոցառումների կարևոր կանգառներից մեկը դարձավ նաև գյուղի բարձունքը, որտեղ տարիների առաջ տեղադրվել էր Հայաստանի Հանրապետության 24 մետր բարձրությամբ պետական դրոշը։ Դրոշի հարևանությամբ տոնական մթնոլորտը շարունակվեց մշակութային ծրագրով։ Հաղթանակի շնորհալի երիտասարդները հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով՝ իրենց կատարումներով գովերգելով հայրենիքը, հավատը, կրթությունն ու ստեղծագործ աշխատանքը։
Դեբեդ գետի աջ ափին գտնվող Հաղթանակ գյուղը խորհրդային տարիներին եղել է Թումանյանի անվան սովետական տնտեսությանը կից ավան։ Հետագայում այն ստացել է գյուղական բնակավայրի կարգավիճակ և այսօր ընդգրկված է Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմում։
Հաղթանակի բնակիչների համար հուլիսի 5-ը դարձել է եռատոն՝ համատեղելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, պետական խորհրդանիշների օրը և գյուղի հիմնադրման տարեդարձը։ Հաղթանակցները վստահեցնում են՝ նախաձեռնությունը շարունակական է լինելու՝ ամեն տարի համախմբելով գյուղի բնակիչներին, նախկին հաղթանակցիներին և հյուրերին՝ արժևորելու համայնքի պատմությունը, պետականությունը և ազգային արժեքները։
Կարդացեք նաև՝



