«ՀայԲույս 2026». խոտաբույսերի, ավանդույթների և բնության տոնը՝ Ենոքավանում

Հայկական լեռնաշխարհի բույրերը, լեռնային մաքուր օդն ու բնության գրկում անցկացրած օրը՝ մեկ վայրում։ Հուլիսի 4-ին Տավուշի մարզի Ենոքավանը կրկին դարձավ հայկական խոտաբույսերի և ծաղիկների «ՀայԲույս» փառատոնի կենտրոնը՝ արդեն տասներորդ անգամ։ «ՀայԲույս»-ը տարիներ շարունակ ներկայացնում է Հայաստանի բուսական հարուստ աշխարհը, դեղաբույսերի կիրառման ավանդույթները և բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։ Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել հայկական խոտաբույսերի արժեքը և ցույց տալ, թե ինչպես կարելի է բնության բարիքները կիրառել առօրյայում՝ միաժամանակ նպաստելով դրանց պահպանությանը ապագա սերունդների համար։
Փառատոնի ծրագիրը հագեցած էր բազմազան միջոցառումներով։ Այցելուները մասնակցեցին վարպետաց դասերի, լսեցին մասնագիտական դասախոսություններ, բացահայտեցին բույսերի օգտակար հատկությունները, ինչպես նաև պատրաստեցին լավաշով, հայկական խոտաբույսերով և տարբեր երկրներից բերված պանիրներով բրդուճներ՝ օրը վերածելով հանգստի, նոր գիտելիքների և հետաքրքիր փորձառությունների համադրության։
Ենոքավանի կանաչ բացատում այս օրը հանդիպել էին տարբեր մարզերից ժամանած մարդիկ՝ ընտանիքներ, երիտասարդներ, զբոսաշրջիկներ և բնության սիրահարներ։
Հայկական խոտաբույսերի աշխարհը բացահայտելու և բնության հետ նոր հիշողություններ ստեղծելու ևս մեկ հնարավորություն. այսպես ավարտվեց «ՀայԲույս 2026»-ի հոբելյանական փառատոնը։
Կարդացեք ու դիտեք նաև՝