Իջևանում՝ 2, Դիլիջանում՝ 3 քաղաքական ուժ․ հայտնի են ՏԻՄ ընտրությունների մասնակիցները

Սեպտեմբերի 25-ին ամփոփվել են 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրումները։ Տավուշի մարզում հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն Իջևան և Դիլիջան համայնքներում։
Իջևան համայնքում ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։ Դիլիջան համայնքում առաջադրվել են երեք ուժ՝ «Ապրելու երկիր», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Կուսակցությունների ներկայացրած ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների թվով՝ Իջևանում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված է 15, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում՝ 51 թեկնածու։ Դիլիջանում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում կա 11 թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության ցուցակում՝ 13, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 40 թեկնածու։
Սեպտեմբերի 26-ին ԿԸՀ նիստում տեղի ունեցած վիճակահանության համաձայն, հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները հանդես կգան հետևյալ համարների ներքո՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն՝ 16, «Հանրապետություն» կուսակցություն՝ 9, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 14։
Հիշեցնենք, որ Իջևան համայնքում ընտրողների թիվը 34 հազար 504 է, իսկ Դիլիջան համայնքում՝ 19 հազար 622։ Տավուշի մարզում ՏԻՄ ընտրությունների հաջորդ փուլը կանցկացվի Նոյեմբերյան համայնքում՝ 2026 թվականի նոյեմբերի 29-ին։