Խնդիրներից դեպի ռազմավարություն և դիմակայունություն. Իջևանում քննարկվել են մարզային հեռարձակողների խնդիրները

Ամառվա վերջին ուրբաթ օրն Իջևանում էին հավաքվել հանրային մուլտիպլեքսում գտնվող Հայաստանի մարզային հեռարձակող հեռուստաընկերությունների, քաղաքացիական հասարակության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները․ նպատակը՝ «Մարզային հեռարձակողների արդի մարտահրավերները․ խնդիրներից դեպի ռազմավարություն» խորագրով միջոցառումն էր։
Մարզերում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը հաճախ հենց մարզային լրատվամիջոցն է պատմում։ Այստեղ լրատվությունը միայն նորություն չէ։ Այն կապ է համայնքի ու բնակչի միջև, հնարավորություն՝ բարձրաձայնելու խնդիրները, լսելի դարձնելու մարդկանց ձայնը և հետևելու, թե ինչպես են լուծվում համայնքային հարցերը։ Բայց այսօր այդ առաքելությունն ավելի դժվար է իրականացնել։ Թվային մեդիայի արագ զարգացումը, գովազդային շուկայի փոփոխությունը, ֆինանսական սահմանափակումներն ու մասնագիտական ռեսուրսների պակասը նոր մարտահրավերներ են ստեղծում մարզային հեռարձակողների համար։
Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը նշեց մարզային մեդիան վաղուց դուրս է եկել հեռուստաեթերի սահմաններից։ Այն համայնքի հետ կապի, վստահելի տեղեկատվության և հանրային երկխոսության հարթակ է։ Տավուշի նման սահմանամերձ մարզում այդ դերն առավել տեսանելի է՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ ճշգրիտ տեղեկատվությունը դառնում է անվտանգության կարևոր բաղադրիչ։ Այս համատեքստում, ըստ Նիկոլայ Գրիգորյանի, դիմակայունությունը նշանակում է նաև ունենալ վստահելի տեղեկատվական միջավայր․ միջավայր, որտեղ քաղաքացին կարող է հասկանալ տեղի ունեցողը, լսելի դարձնել իր ձայնը և կողմնորոշվել տեղեկատվության մեծ հոսքի մեջ։ Տավուշ Մեդիան ստեղծվել է մեկ գաղափարով՝ մարզը պետք է ունենա իր ուժեղ, պրոֆեսիոնալ և ժամանակակից մեդիան։
«Մարզային մեդիան ոչ միայն տեղեկություն փոխանցելու, այլև համայնքի ձայնը լսելի դարձնելու, խնդիրները բարձրաձայնելու և ճգնաժամային իրավիճակներում վստահելի տեղեկատվություն ապահովելու գործիք է։ Այս համատեքստում կարևոր է նաև տեղեկատվական դիմակայունությունը՝ ճշգրիտ ու մաքուր տեղեկատվություն հանրությանը հասցնելու կարողությունը», – նշեց Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը։
Դիմակայուն լրատվամիջոցն այն չէ, որը երբեք խնդիրների չի բախվում, այլ այն, որը դժվարությունների պայմաններում կարողանում է գտնել նոր ճանապարհներ, նոր տեխնոլոգիա, նոր գործընկեր, նոր բովանդակություն, նոր լսարան, նոր ֆինանսավորման հնարավորություն, և երբեմն՝ պարզապես նոր մտածողություն։ Մենք՝ Տավուշ Մեդիայում, պատրաստ ենք անցնել այդ ճանապարհը։ Բայց շատ ավելի հետաքրքիր կլինի այն անցնել միասին։ Օրակարգի առանցքում մարզային հեռարձակողների առջև ծառացած խնդիրներն էին, դրանց համատեղ լուծումների որոնումը, ոլորտի զարգացման հնարավորություններն ու առաջիկա ՏԻՄ ընտրություններին մարզային մեդիայի դերակատարումը։
«Ընտրությունների լուսաբանման պարագայում մարզային մեդիաներից կան այնպիսիք, որոնք ավելի քիչ են կախված քաղաքական ուժերից և ավելի օբյեկտիվ են։ Նրանց աշխատանքը պետք է օրինակելի լինի նաև այլ հեռուստաընկերությունների համար», – նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Մարզային մեդիայի ապագայի մասին խոսելիս առաջին հարցը, որ առաջ է գալիս, ամենապարզն է՝ ինչպե՞ս պահպանել այն միջավայրում, որտեղ որակյալ լրագրությունն ինքնին ծախսատար աշխատանք է, իսկ մարզային շուկան՝ սահմանափակ։ Այս հարցը հատկապես սուր է այն հեռուստաընկերությունների համար, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում են մարզերում և անցել են տարբեր ճգնաժամերի ու փոփոխությունների միջով։
«Եթե պետությունը թույլ է տվել, որ գոյություն ունենան մարզային հեռուստաընկերություններ, ապա դրանք չպետք է դիտարկվեն միայն որպես բիզնես։ Եթե գոյություն ունի մուլտիպլեքս հասկացությունը, պետք է լինի նաև պետության աջակցությունը՝ գոնե որոշակի հարաբերակցությամբ», – նշեց Լոռու մարզի «Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը։
Անընդհատ փոփոխվող և զարգացող աշխարհում հեռուստատեսության պահպանությունը ենթադրում է նաև այն նոր մեդիա միջավայրին հարմարեցնելու հարմարվողականության մասին։ Լսարանը փոխվում է, տեխնոլոգիաները զարգանում են, իսկ ավանդական հեռուսատատեսությունը ստիպված նոր տեղ է գտնում թվային աշխարհում։ Այս փոփոխության պայմաններում համագործակցությունն ու ռեսուրսների համատեղումն ավելի ու ավելի կարևոր են դառնում։
«Միավորված աշխատանքը միշտ էլ պտուղներ տալիս է։ Մենք միավորվեցինք երեք հեռուստաընկերություններով, բայց այսօր դա արդեն բավարար չէ։ Ժամանակը առաջ է գնում, զարգանում ենք, տեխնոլոգիաները առաջ են ընթանում, և մենք պետք է կարողանանք ավանդական հեռուստատեսությունն ու համացանցը կապել իրար ու զուգահեռ զարգացնել», – նշեց Գեղարքունիքի մարզի «Գեղամա» հեռուստաընկերության տնօրեն Սուրեն Բարսեղյանը։
Փոքր շուկաներում գովազդային հնարավորությունները սահմանափակ են, իսկ որակյալ բովանդակություն ստեղծելու համար անհրաժեշտ են մարդիկ, տեխնիկա և կայուն ֆինանսական ռեսուրսներ։ Մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների խոսքում տարբեր մարզերի խնդիրները տարբեր էին, բայց մի ընդհանուր հանգույց կար՝ կայունության համար միայն գոյատևելը բավարար չէ։ Սահմանափակ գովազդային շուկան, մասնագետների պակասը, տեխնոլոգիական փոփոխություններն ու աճող ծախսերը ստիպում են վերանայել տարիներով ձևավորված աշխատանքի մոդելը։ Արդեն 30 տարի ոլորտում աշխատող Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն էլ մարզային հեռարձակողներին առաջարկում է այդ փոփոխությանը նայել նախ բովանդակային ու կառավարչական տեսանկյունից, հետո ֆինասական։
«Մենք միշտ փորձել ենք ձեզ ապացուցել, որ դուք բիզնես եք, բայց նաև հանրային նշանակություն ունեցող բիզնես։ Այսօր շատ ավելի դժվար է իրական բիզնես դառնալ, և դուք պետք է հասկանաք՝ ով է ձեր հեռուստադիտողը, ում եք պետք և ինչ բովանդակության կարիք ունի ձեր լսարանը», – նշեցՄեդիա նախաձեռնությունների կենտորնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։
Թվային հարթակների, սոցիալական ցանցերի ու նոր տեղեկատվական վարքագծի պայմաններում արդեն բավարար չէ պարզապես եթեր ունենալը։ Պետք է հասկանալ՝ ում համար է այդ եթերը, ինչ է փնտրում լսարանը և ինչն է այն, ինչ միայն մարզային մեդիան կարող է տալ։ Այս հարցերը քննարկման ընթացքում բերեցին նաև մեկ այլ՝ ավելի հիմնարար հարցի․ ի վերջո, ինչո՞ւ է այսօր պետք մարզային հեռուստաընկերությունը։
«Հարցը պետք է չլինի՝ պետք է, թե պետք չէ։ Խնդիրը նրանում է, թե երբ, ինչու և ինչի համար է պետք մարզային հեռուստաընկերությունը», – նշեց Արագածոտնի մարզի «Դելտա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։
Մարզային հեռարձակողի կարգավիճակը, իր հերթին, ենթադրում է որոշակի պարտավորություններ՝ տեղական բովանդակություն, տեղեկատվության հասանելիություն, կրթական ու հանրային նշանակության հաղորդումներ։ Այդ պարտավորությունների ու իրական հնարավորությունների միջև այսօր դեռ անհամապատասխանություն կա։ Հեռուստաընկերությունից պահանջվում է պահպանել մարզային մեդիայի դերը, մինչդեռ դրա համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ պայմանները իրականության մեջ ոչ տեսանելի են, ոչ էլ շոշափելի։
«Մարզային հեռուստաընկերություն դառնալուց հետո պետք է նաև համապատասխան պետական ֆինանսավորում լինի, որպեսզի այն կարողանա ստեղծել կրթող ու հանրային նշանակության կոնտենտ մարզում», – նշեց Արագածոտնի մարզի «Դելտա» հեռուստաընկերության պրոդյուսեր Արման Մազմանյանը:
Մարզային հեռուստաընկերությունը տեղական օրակարգը տանում է հանրապետական ու համաշխարհային տեղեկատվական դաշտ՝ համայնքի ձայնը հասցնելով ավելի լայն լսարանի։ Միաժամանակ այն կապ է ստեղծում համայնքի, մարզի, պետության, աշխարհի և բնակչի միջև՝ օգնելով, որ տեղում տեղի ունեցողը չմնա միայն տեղական նշանակության իրադարձություն, իսկ բնակիչը դուրս չմնա իրեն վերաբերող տեղեկատվությունից։ Այս կապի անհրաժեշտությունն ամեն օր զգում են նաև համայնքներում։
«Բոլորս գիտենք՝ որքան մեծ կարիք ունի բնակիչը տեղեկատվության։ Այստեղ մարզային լրատվամիջոցների դերը շատ կարևոր է՝ լրացնելու այդ բացերը, օբյեկտիվ և ճիշտ տեղեկատվություն հասցնելու և կապ ստեղծելու բնակչի ու համայնքի միջև», – նշեց Նոյեմբերյանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Անահիտ Փարսադանյանը։
Քննարկման շրջանակում ներկայացվեցին նաև ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները և դրանցով պայմանավորված նոր կարգավորումների ներդրման ու կիրառման ընթացակարգերը։ Մասնավորապես, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն՝ կարգավորվում են սահմանադրական կարգի տապալման, պատերազմի կամ բռնության կոչերի, բռնություն և դաժանություն քարոզող կամ նմանատիպ գործողություններ խրախուսող բովանդակության տարածման դեպքերը։ Քննարկվեց նաև առերևույթ խախտումների արձանագրման, դրանց գնահատման և օրենքով նախատեսված ընթացակարգերի կիրառման կարգը։
Առանձին անդրադարձ եղավ նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Ընտրական գործընթացի լուսաբանումը մարզային լրատվամիջոցների համար առանձնահատուկ նշանակություն ունի․ հենց տեղական մեդիան է ամենամոտը համայնքի բնակչին և նրա ընտրական օրակարգին։ Թեմայի շրջանակում ներկայացվեց ոլորտը կարգավորող դաշտի փոփոխությունները և ՏԻՄ ընտրություններին առնչվող ընթացիկ գործընթացներն ու առաջիկա քայլերը։
Աշխարհի տարբեր երկրներում մարզային և տեղական մեդիայի կայունությունն ապահովելու համար կիրառվում են աջակցության օրինակելի մոդելներ։ Ավստրիայում գործում է պետական ֆոնդ՝ մասնավոր հեռարձակողների բովանդակության, մասնագիտական զարգացման և մրցունակության խթանման համար, Ֆրանսիայում՝ տարածաշրջանային և տեղական մամուլի աջակցության մեխանիզմներ, իսկ Կանադայում՝ տեղական լրագրության նախաձեռնությունը՝ հանրային նշանակության լրագրության ֆինանսավորման համար։ Միջազգային փորձը ցույց է տալիս մարզային լրատվամիջոցի հանրային նշանակությունն ու կայունության կարևորությունը՝ պետական աջակցության և խմբագրական անկախության հստակ տարանջատմամբ։ Կարևոր սկզբունքը մեկն է․ պետությունը կարող է ֆինանսավորել հանրային արժեքը, բայց չպետք է ֆինանսավորի խմբագրական դիրքորոշումը։
Օրվա քննարկումները Տավուշ Մեդիայում ստացան նաև գործնական շարունակություն։ Մարզային հեռուստաընկերությունները ստորագրեցին իջևանյան համատեղ հայտարարությունը՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների լուսաբանման ընթացքում հանրային շահը, մասնագիտական պատասխանատվությունն ու քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքն առաջնային պահելու մասին։
Հայտարարությամբ մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ ընտրությունների ընթացքում ապահովելու փաստերի վրա հիմնված, հավաստի և հավասարակշիռ տեղեկատվություն, տարանջատելու փաստը, կարծիքն ու մեկնաբանությունը, կանխելու ապատեղեկատվության տարածումը և նպաստելու քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը։
Կարդացեք նաև՝