Մեդիա էթիկան թվային դարաշրջանում․ վստահության և պատասխանատվության մարտահրավերները

Մեդիայի դերը ժամանակակից հասարակություններում գնալով ավելի բարդ ու բազմաշերտ է դառնում։ Այն ձևավորում է հանրային կարծիք, ազդում հասրակական-քաղաքական գործընթացների վրա։ Թվային միջավայրի ընդլայնման, սոցիալական ցանցերի արագացման և տեղեկատվական հոսքերի բազմապատկման պայմաններում հատկապես կարևոր է դառնում մեդիա էթիկան՝ որպես այն սահմանը, որը պետք է ապահովի հավասարակշռություն խոսքի ազատության և պատասխանատու տեղեկատվության միջև։
Լիտվայի լրագրողական էթիկայի տեսուչ Դայնյուս Ռաձյավիչյուսը նշում է, որ
Հայաստանի և Լիտվայի լրագրողական համայնքները շատ նման են։ Երկու երկրներն էլ փոքր են, բայց լրագրությունը միշտ շատ ակտիվ է, կարծիքները՝ բազմազան։ «Մեզ մոտ էլ, ձեզ մոտ էլ լեզուն, ինքնությունն ու մշակութային ինքնատիպությունը միշտ մեծ դեր են ունեցել։ Դա լրագրողների համար կարևոր հենք է, որովհետև մեդիան ոչ միայն տեղեկատվություն է փոխանցում, այլ նաև պահպանում է հանրային ինքնագիտակցությունը»,- նշում է Դայնյուս Ռաձյավիչյուսը
Մեդիա էթիկայի վերահսկողությունն ու ինքնակարգավորումը Լիտվայում արդեն տասնամյակների պատմություն ունեն։ Երկրում գործում է անկախ մեդիա օմբուդսմենի ինստիտուտը, որը քննում է լրագրողական նյութերի և սոցիալական հարթակներում տարածվող բովանդակության վերաբերյալ բողոքները։ Ըստ տեսուչի՝ թվային միջավայրի ընդլայնմանը զուգահեռ մեծացել են նաև ռիսկերը՝ սկսած անձնական կյանքի խախտման դեպքերից մինչև ապատեղեկատվություն ու ատելության խոսք։
«Այսօր մեդիա էթիկան միայն դասական լրագրության մասին չէ։ Սոցիալական ցանցերը, բլոգերները, վլոգերները, բաց ու փակ հարթակները նույնպես հանրային ազդեցություն ունեն։ Բայց կարևոր է նշել՝ պրոֆեսիոնալ մեդիան շատ ավելի քիչ խախտումներ է թույլ տալիս, որովհետև այնտեղ կան ստանդարտներ, խմբագրական պատասխանատվություն և ինքնակարգավորման մշակույթ։ Ամենամեծ հարցը սոսկ վերահսկողությունն չէ, այլ վստահությունը՝ ինչու են մարդիկ երբեմն ավելի շատ հավատում պատահական աղբյուրի, քան պրոֆեսիոնալ լրագրողին»,- ընդգծում է Դայնյուս Ռաձյավիչյուսը։
Նախընտրական փուլերում մեդիայի դերը հատկապես զգայուն է։ Հանրային հաղորդակցությունը, սոցցանցերում մանիպուլյացիաները, արագ տարածվող ապատեղեկատվությունն ու լսարանի վստահության խնդիրը դարձել են համընդհանուր մարտահրավեր։ Լիտվայի փորձը ցույց է տալիս՝ մեդիայի գործունեությունը հնարավոր է խիստ կարգավորել, սակայն հանրային վստահությունը միայն օրենքով չի ձևավորվում։ Հայաստանի տեղեկատվական դաշտն, ըստ լիտվացի տեսուչի, չափազանց ակտիվ է, երբեմն նաև բարձր մանիպուլյատիվ ռիսկերով։
«Հայաստանում տեղեկատվական հոսքերը շատ ինտենսիվ են՝ հատկապես սոցիալական ցանցերում։ Երբեմն նույնիսկ դժվար է հասկանալ՝ որն է իրականությունը, որն է մանիպուլյացիան։ Բայց ես կարծում եմ՝ լրագրողների դերը հենց այստեղ է կարևոր՝ փաստերով, փաստարկներով ու պատասխանատու աշխատանքի միջոցով օգնել հասարակությանը տարբերել տեղեկատվությունը ազդեցությունից։ Ընտրությունների ժամանակ խնդիրն առաջին հերթին վստահության մշակույթի ձևավորումն է ու պահպանումը»,- իր խոսքում ասաց Լիտվայի լրագրողական էթիկայի տեսուչ Դայնյուս Ռաձյավիչյուսը։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած 2026 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը նահանջել է նախորդ տարվա ցուցանիշից։ Մեր երկիրը 180 երկրների շարքում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը։ Թվային հարթակների արագ զարգացումը, տեղեկատվական հոսքերի բազմապատկումը և նախընտրական ժամանակաշրջանի զգայունությունը նորից ու նորից ընդգծում են պատասխանատու լրագրությունը շարունակում է մնալ հանրային վստահության կարևոր հիմքերից մեկը։
Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի լրատվամիջոցների համար իրականացվում է փորձի փոխանակման ու հայկական մեդիայի աշխատանքի որակի բարելավմանն ուղղված ծրագիր։ Ծրագրի շրջանակում լրատվամիջոցների ներկայացուցիչների այց է կազմակերպվել Լիտվայի մի շարք քաղաքներ։ Լիտվա մեկնած լրագրողական պատվիրակության կազմում էր նաև Տավուշ Մեդիայի լրագրող Էռնեստ Խանումյանը։ Այս տեսանյութում նա ներկայացնում է, թե ինչպես են Լիտվայի փոքր քաղաքներում զարգացնում կրթական համակարգը, վերափոխում հանրային միջավայրը, իրականացնում քաղաքային զարգացման ծրագրեր և փորձում բարձրացնել մարդկանց կյանքի որակը։
Կարդացեք նաև՝