Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր 2025

«Ֆինանսավորե՛ք դիմակայունությունը, ոչ թե աղետները»

Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ուղերձը։

1989 թվականին, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 13-ը ճանաչեց Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր՝ աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային մշակույթը խթանելու նպատակով:

Սենդայի շրջանակային ծրագրի նպատակին հասնելու համար՝ նվազեցնել աղետների ռիսկերն ու կորուստները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2023 թվականի մայիսին ընդունել է քաղաքական հռչակագիր՝ արագացնելու գործողություններն աղետների դիմակայունության ուժեղացման համար,  մարդկային,ապրուստի միջոցների, տնտեսության և հիմնական ենթակառուցվածքների կորուստները կանխելու և նվազեցնելու համար։ Այն ունի յոթ գլոբալ թիրախ և առաջընթացի չափման 38 ցուցիչ։ Սենդայի շրջանակը լրացնում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրըերկու շրջանակներն էլ փոխկապակցված են Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։

2023թ․հիմնական ուղերձն ուղղված էր անհավասարությանը՝ աղքատության խոցելիությանը, Անհավասարությունը և աղետներից խոցելիությունը նույն մետաղադրամի երկու կողմերն են. անհավասար հասանելիությունը ծառայություններին, ինչպիսիք են ֆինանսները և ապահովագրությունը, ամենից շատ աղետների վտանգ են առաջացնում. մինչդեռ աղետների հետևանքները խորացնում են անհավասարությունները և առավել վտանգի տակ գտնվողներին մղում դեպի աղքատություն:

2024թ. միջազգային օրը կոչ էր անում երկրներին օգտագործել կրթական ոլորտը՝ դպրոցահասակ երեխաների աղետների ռիսկերը նվազեցնելու համար, հատկապես ներդրումներ կատարելով երկու հիմնական ոլորտներում.

  • Պաշտպանել երեխաներին և երիտասարդներին անվտանգ դպրոցների և կրթական հաստատությունների միջոցով: Երեխաներն իրավունք ունեն անվտանգ լինելու իրենց դպրոցներում, և դա սկսվում է դպրոցները աղետներին դիմակայուն դարձնելուց և աղետների վաղ նախազգուշացման համակարգերի մաս դարձնելուց:
  • Հզորացնել երեխաներին և երիտասարդներին՝ անվտանգ լինելու համար տարիքին համապատասխան կրթության միջոցով՝ հասկանալու և գործելու իրենց առջև ծառացած ռիսկերի դեմ: Սա ներառում է նրանց պատրաստվածության ձևավորումը՝ վաղ նախազգուշացումներին ի պատասխան գործողություններ ձեռնարկելու համար: Հզորացված երեխաները դառնում են փոփոխությունների առաջնորդներ՝ ավելի դիմակայուն համայնքների համար:

2025 թվականի ուղերձն է՝ Ֆինանսավորե՛ք դիմակայունությունը, ոչ թե աղետները։

Աղետներն ավելի ու ավելի են թանկանում, հետևանքներն ավելի ծանր ու կորստաբեր են դառնում։ Տուժում են հատկապես աղքատ ու զարգացող երկրները, որոնք վճարում են մարդկային կյանքերով, առողջությամբ ու երկար ու դժվար վերականգնվող տնտեսությամբ, հայտնվելով աղքատության փակ ցիկլում։

Աղետների կանխարգելման, ռիսկի նվազեցման նպատակով ֆինանսական ներդրումների բացակայությունը առավել ծանր հետևանքների է հասցնում։

Բոլոր պետություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին հղվող ուղերձը մեկն է՝ ձեր բյուջեներում աղետի ռիսկի նվազեցման գումար նախատեսեք, երբ միջազգային աջակցության հնարավորություն կա, առաջարկեք նաև կանխարգելման ծրագրեր։ Այդպես պատուհասող աղետները քառապատիկ էժան կնստեն։ Այսօր մեր կայքում օրվա խորհուրդն արտացոլող բազմազան նյութեր ենք տեղադրել՝ կարդացեք, դիտեք, լսեք, վերլուծեք, և, ամենակարևորը, կիրառեք ձեր կյանքում։

Վերհիշենք Տավուշին սպառնացող վտանգներն ու մարտահրավերները

Ինչպես ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Տավուշի մարզը, ներկայումս բախվում է բազմաշերտ մարտահրավերների՝ սահմանային լարվածությունից և  տեղահանություններից մինչև աղետների և կլիմայական փոփոխությունների ռիսկեր, մեդիա ապատեղեկատվություն, բարոյահոգեբանական և սոցիալ–տնտեսական ճգնաժամեր։

 Սահմանամերձ Տավուշի մարզին պատուհասել ու սպառնում են բնական ու տեխնածին, համաճարակային ու բնապահպանական, սոցիալական ու քաղպաշտպանական (պատերազմական) բազմաթիվ վտանգներ: Խոցելիությունն աղետներից ու զինված հակամարտությունից բարձր է:

Մանրամասները՝ https://tavushmedia.am/hy/dimakayun_tavush/

 Տավուշի մարզն իր մաշկի վրա արդեն զգում ու բախվում է կլիմայի փոփոխության հետ կապված զգալի սպառնալիքների: Մի կողմից երաշտներ, անապատացում, ջերմային ալիքներ ու անտառային հրդեհներ, մյուս կողմից ծայրահեղ առատ տեղումներ, սողանքներ, քարաթափումներ, ջրհեղեղներ ու սելավներ։

Կլիմայի փոփոխության ազդեցությունից բացի, կենսաբազմազանության կորուստը, ջրի որակի և քանակի անկումը, հողի անկայուն կառավարումը, անտառահատումները և քաղաքային օդի աղտոտումը շրջակա միջավայրի անվտանգության հիմնական խնդիրներ են։

2024թ մայիսին Տավուշի մարզում առատ տեղումների պատճառով (ամսական նորմայի 60%) Դեբեդ ու Աղստև գետերի վարարման հետևանքով առաջացած ջրհեղեղից լուրջ տուժեցին Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքները և այլ բնակավայրեր։ Ջրհեղեղի ընդհանուր ֆինանսական վնասը՝ ըստ պաշտոնական գնահատականների, կազմում էր մոտ 7.5 միլիարդ դրամ (մոտ 19 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ավերված տներ, կամուրջներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Այս գնահատականը ներառված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԵՄ-ի համատեղ իրականացրած PDNA (Post-Disaster Needs Assessment) զեկույցում։ Heinrich Böll Foundation-ի վերլուծությունը շեշտում է, որ նման ջրհեղեղները բացահայտում են կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանների բացակայությունը և անհրաժեշտությունը՝ տեղական մակարդակում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։ Մանրամասները՝ դարձյալ մեր կայքում։  

 

Աղետների ռիսկի նվազեցման համար նախատեսված ֆինանսները ոչ թե ծախս են այլ ներդրում։

 




Աղետների ռիսկի նվազեցում․ դասեր 2024 թվականի ջրհեղեղներից

2024 թվականի մայիսին Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների համատեքստում, մեր բնակչության համար այս օրվա նշանակությունն ավելի է կարևորվում։ Ըստ Հետաղետային կարիքների գնահատման՝ ջրհեղեղի հետևանքով տուժել էր մոտ 40,000 մարդ, գրանցվել 49.5 միլիոն դոլարի վնաս, 147 միլիոն դոլար՝ վերականգնման ընդհանուր կարիքների համար։




Ֆինանսավորեք դիմակայունությունը, ոչ թե աղետները

Աշխարհի երկրները բախվում են երբեք չգրանցված չափի աղետների աճող թվի։ Դրան նպաստում են ինչպես կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ծայրահեղ եղանակային երևույթների աճը, այնպես էլ զարգացման այն որոշումները, որոնք հաշվի չեն առնում ռիսկերը։ Արդյունքում՝ ավելանում է մարդկանց և տնտեսական ակտիվների ենթարկվածությունը տարբեր վտանգների։

Միևնույն ժամանակ, աղետների ռիսկի նվազեցման (Disaster Risk Reduction – DRR) ներդրումները չեն համապատասխանում աճող վտանգներին։ Սա Sendai-ի շրջանակի միջանկյալ վերանայման հիմնական եզրակացություններից մեկն էր և բացատրում է, թե ինչու շատ երկրներ չեն կարողանում նվազեցնել աղետների հետևանքները։

Խնդիրը խորանում է նաև այն պատճառով, որ տնտեսական և ներդրումային ծրագրերի մեծ մասը շարունակում է «կույր» մնալ աղետների ռիսկերի նկատմամբ։ Սա հատկապես նկատելի է մասնավոր հատվածում, որն ապահովում է տնտեսական ակտիվների շուրջ 75%-ի ստեղծումը։

2025 թվականի Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա հիմնական ուղերձները

1․ Ավելացնել աղետների ռիսկի նվազեցման ֆինանսավորումը՝ պետական բյուջեներում և միջազգային աջակցությամբ։
2․ Ապահովել, որ բոլոր պետական և մասնավոր ներդրումներն առաջնորդվեն ռիսկային և դիմակայուն զարգացման սկզբունքներով։

Փաստեր և թվեր (GAR 2025)

  • Աղետների ընդհանուր տարեկան ծախսերը, ներառյալ անուղղակի և էկոհամակարգերի վնասները, գերազանցում են 2,3 տրիլիոն ԱՄՆ դոլարը։
  • Աշխարհում ջրհեղեղներին ենթարկվող մարդկանց թիվը 1970-ի 28,1 միլիոնից աճել է մինչև 2020-ի 35,1 միլիոն՝ 24,9% աճ։ Ջրհեղեղներից առաջացած մահերի և տնտեսական կորուստների մեծ մասը գրանցվում է Ասիայում։
  • Եթե Կենտրոնական Ամերիկայի բոլոր երկրներում նոր շենքերը կառուցվեին սեյսմիկ անվտանգության չափանիշներին համապատասխան, տարեկան մոտ 1,1 միլիարդ ԱՄՆ դոլարի կորուստ կարելի կլիներ կանխել։
  • 2007–2017 թթ. տասնամյակում երաշտը ազդել է առնվազն 1,5 միլիարդ մարդու վրա և ընդհանուր առմամբ առաջացրել 125 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս։ Վերջին 20 տարում երաշտների թիվն աճել է 29%-ով։
  • Միայն արևադարձային ցիկլոններից տարեկան միջին կորուստները գնահատվում են 119,5 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 95,5 միլիարդը վերաբերում է ենթակառուցվածքներին։

Դիմակայունության օգուտները

Դիմակայունությունը «վերադարձ է տալիս» ներդրումները՝ պայմանով, որ երկրները իրականում ներդրումներ կատարեն այդ ուղղությամբ։

  • Զարգացող երկրներում ենթակառուցվածքները աղետակայուն դարձնելու յուրաքանչյուր ներդրված 1 ԱՄՆ դոլարը խնայում է 4 դոլարի տնտեսական վնաս (ԱՀԲ)։
  • Վաղ նախազգուշացման համակարգերի ուժեղացման ներդրումները կարող են մոտ 30%-ով նվազեցնել վնասները, եթե նախազգուշացումները տրվեն վտանգից առնվազն 24 ժամ առաջ։
  • Նախօրոք գործողությունների և սոցիալական պաշտպանության ցանցերի ուժեղացումը օգնում է համայնքներին արագ վերականգնվել աղետներից հետո։
  • Դիմակայունության մեջ ներդրումները միաժամանակ ուժեղացնում են մարդասիրական և զարգացման կապերը՝ նվազեցնելով կորուստները, պաշտպանելով զարգացումը և կրճատելով մարդասիրական կարիքները։

Ինչպես ֆինանսավորել դիմակայունությունը

  • Ավելացնել աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ֆինանսավորումը պետական բյուջեներում և միջազգային աջակցությամբ։
  • Աղետների ռիսկի նվազեցման ֆինանսավորումը պետք է լինի պաշտպանված («ring-fenced») ազգային բյուջեներում և ինտեգրված տարբեր ոլորտների ֆինանսավորմանը։ Դրա համար կարելի է կիրառել գործիքներ, ինչպիսիք են բյուջետային պիտակավորումը և ազգային ֆինանսավորման ռազմավարությունների մշակումն։
  • Բարձր խոցելիություն ունեցող երկրները՝ ամենաքիչ զարգացած երկրները, փոքր կղզային զարգացող պետությունները, Աֆրիկայի երկրները, ինչպես նաև փխրուն ու հակամարտություններով տուժած երկրները, պետք է ստանան ավելացված միջազգային աջակցություն։

Զարգացումը պետք է լինի ռիսկին համահունչ

Զարգացման ծրագրերը պետք է համապատասխանեցվեն աղետների ռիսկի նվազեցման առաջնահերթություններին։ Հակառակ դեպքում «ռիսկի կույր» ներդրումները կարող են ստեղծել նոր վտանգներ կամ սրել առկա ռիսկերը՝ մեծացնելով աղետների հավանականությունը։

  • Անհրաժեշտ է խրախուսել մասնավոր հատվածի դիմակայունությունը։
  • Բիզնեսներին պետք է խթանել՝ իրենց ներդրումները դարձնելու ռիսկին համահունչ և դիմակայուն, քանի որ հենց նրանք են տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը։
  • Ֆինանսական հատվածը կարող է մշակել դիմակայունության ֆինանսավորման գործիքներ (օրինակ՝ պարտատոմսեր, ապահովագրություն) և աջակցել պետություններին՝ հանրային-մասնավոր գործընկերությունների և խառը ֆինանսավորման միջոցով։

Դիմակայունության ֆինանսավորումն ու ռիսկին համահունչ զարգացումը ոչ միայն պաշտպանում են կյանքերն ու ապրուստը, այլ նաև նվազեցնում են տնտեսական կորուստները և ապահովում կայուն ապագա բոլորի համար։




Դիմակայունությունը պետք է դրվի զարգացման հիմքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձն Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ։

Կլիմայական ճգնաժամի խորացմանը զուգընթաց աղետների թիվն ու ինտենսիվությունը աճում են՝ ավերելով կյանքեր և կենսամիջոցներ, մեկ ակնթարթում ջնջելով տասնամյակների զարգացման ձեռքբերումները։ Վնասը գլոբալ տնտեսության համար հսկայական է․ տարեկան այն գնահատվում է շուրջ 2 տրիլիոն ԱՄՆ դոլար, երբ հաշվարկներում ներառվում են նաև անուղղակի ծախսերը։

Այդուհանդերձ, աղետների հետևանքների կանխարգելման և մեղմացման ֆինանսավորումը շարունակում է մնալ վտանգավոր չափով անբավարար։ Զարգացման աջակցության ընդամենը 2 տոկոսը, իսկ բազմաթիվ երկրների պետական բյուջեների 1 տոկոսից էլ պակասը, ուղղվում է աղետների ռիսկի նվազեցման ծրագրերին։ Սա պարզապես բացթողում չէ, այլ լուրջ ռազմավարական սխալ հաշվարկ։ Զարգացող երկրներում դիմակայուն ենթակառուցվածքների վրա կատարված յուրաքանչյուր ներդրված 1 դոլարը աղետի ժամանակ խնայում է 4 դոլար։

Այս տարվա Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա թեման ընդգծում է դիմակայունության ֆինանսավորման հրամայականը։ Կառավարությունները և դոնոր կազմակերպությունները պետք է էապես մեծացնեն ներդրումները այս ոլորտում։ Հանրային և մասնավոր հատվածները պետք է ռիսկի գործոնը ներառեն յուրաքանչյուր որոշման կայացման գործընթացում, նվազեցնելու համար վտանգների նկատմամբ ենթարկվածությունն ու խոցելիությունը։ Դիմակայունությունը պետք է ամրապնդվի որպես զարգացման հիմնասյուն։

Այս օրը մենք կոչ ենք անում համատեղ ուժերով արձագանքել աճող ռիսկերին՝ ապահովելով համաչափ ֆինանսավորում և կառուցելով ավելի անվտանգ ու արդար ապագա բոլորի համար։