Արծվաբերդի մարզասրահը վերանորոգման կարիք ունի․ երեխաները մարզվում են անմխիթար պայմաններում

Արծվաբերդի մարզասրահում տարբեր տարիքային խմբերի երեխաները զբաղվում են ուշուով, կարատեով և ըմբշամարտով։ Մարզասրահը ծառայում է գյուղի երեխաներին, նաև Արծվաբերդի հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դասերի և գյուղի երիտասարդների մարզումների կազմակերպմանը։ Այստեղ մարզվում են նաև զինվորականներ՝ ֆիզիկական պատրաստվածության և ատեստավորման նպատակով։

Մարզիչ Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ այս պահին մարզասրահում կանոնավոր մարզվում է շուրջ 24 երեխա։ Նրանց թիվը ժամանակ առ ժամանակ հասնում է 30-35-ի։ Մարզիչը նշում է, որ երեխաները մեծ հետաքրքրությամբ են հաճախում պարապմունքներին, իսկ մարզվելու պայմանների բարելավման դեպքում նրանց թիվը կարող է ավելանալ։

«Երեխաները հաճույքով են հաճախում։ Համոզված եղեք, որ նրանց քանակը կավելանա, եթե պայմանները նորմալ լինեն», — նշում է մարզիչ Աշոտ Գրիգորյանը։

Սակայն մարզասրահի պայմանները բարելավման կարիք ունեն։ Տանիքից ջուր է ներթափանցում, պատերը խոնավանում են, իսկ մարզական գորգը մաշված է և վնասված։ Խնդիրներ կան նաև մարզական գույքի և ջեռուցման հետ կապված։ Ձմռան ամիսներին ջեռուցման անբավարարությունը դժվարացնում է մարզումների կազմակերպումը և մեծացնում վնասվածքների հավանականությունը։

Մարզիչը կարևորում է մարզասրահի հիմնանորոգումը, մարզական գույքի թարմացումն ու անհրաժեշտ պարագաների ձեռքբերումը։ Նրա խոսքով՝ մարզասրահին անհրաժեշտ են նաև ըմբշամարտի մարզումների համար նախատեսված հատուկ մարզական սարքեր։

Արծվաբերդ բնակավայրի վարչական ղեկավար Լևոն Մադյանի խոսքով՝ մարզասրահի վերանորոգման հարցը համայնքում բարձրացված առաջնահերթ խնդիրներից է։ Այն ընդգրկվել է բնակավայրի երեք հիմնական խնդիրների շարքում և ներկայացվել համապատասխան մարմիններին։ Համայնքում հույս ունեն, որ հարցը լուծում կստանա, և մարզասրահը կհիմնանորոգվի։

Մինչ այդ, երեխաները շարունակում են մարզվել՝ սպասելով ավելի անվտանգ ու հարմարավետ պայմանների։ Մարզասրահի վերանորոգումը կարևոր նշանակություն կունենա ոչ միայն մարզական կյանքի զարգացման, այլև երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և գյուղի երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան

 




«Ես նրանց սեր եմ տալիս, իսկ նրանք՝ ջահելություն»․Գայանե Բադալյանի 40 տարին՝ Արծվաբերդի սերունդների հետ

Արծվաբերդում կան մարդիկ, որոնց կյանքի պատմությունն այնքան սերտորեն է միահյուսված գյուղի առօրյային, որ նրանց մասին պատմելիս կարծես պատմում ես հենց գյուղի մասին։ Այդ մարդկանցից է Գայանե Բադալյանը։ Նա ծնվել, մեծացել և մինչ օրս ապրում է Արծվաբերդում։ Տարիները փոխվել են, սերունդներն են փոխվել, երեխաները մեծացել ու հեռացել են գյուղից, բայց նրա առավոտները շարունակում են սկսվել նույն սիրով՝ ընտանիքից, աշխատանքից ու երգից։

Տիկին Գայանեն ասում է՝ սիրում է գյուղի մարդկանց, բնությունը, սովորույթները, գյուղի հետ կապված ամեն ինչ։ Այդ սերը զգացվում է նրա աշխատանքի ամեն մի դրվագում։ Շուրջ չորս տասնամյակ է՝ Գայանե Բադալյանն աշխատում է Արծվաբերդի մսուր-մանկապարտեզում՝ որպես երաժիշտ-դաստիարակ։ Քառասուն տարին՝ մի ամբողջ մասնագիտական կյանք, որի ընթացքում մանկապարտեզի դռներից ներս են մտել բազմաթիվ սերունդներ։ Երեխաները փոխվել են, նրանց խաղերը, հագուստը, հետաքրքրություններն ու ժամանակը՝ նույնպես, բայց երաժշտությունը մնացել է նույնը։

«Մանկապարտեզը մի հեքիաթային աշխարհ է», — ասում է տիկին Գայանեն։

Ու հենց այդ հեքիաթային աշխարհ մտնելուն պես առօրյա հոգսերը կարծես մնում են դռան մյուս կողմում։ Այստեղ նրան սպասում են երեխաները՝ իրենց անհոգությամբ, հարցերով, ծիծաղով ու երգերով։ Այստեղ նա և դաս է տալիս, և ամեն օր մի փոքրիկ աշխարհ է կառուցում երեխաների հետ։

«Ես նրանց սեր եմ տալիս, իսկ նրանցից ջահելություն եմ ստանում»․․․ Թերևս այս մեկ նախադասությունն ամենից ամբողջականն է նկարագրում նրա աշխատանքի փիլիսոփայությունը։

Տիկին Գայանեի համար երաժշտությունը երեխաների հետ խոսելու, նրանց արժեքներ փոխանցելու, զգալու ու զգացմունքները ճանաչելու լեզու է։ Մանկապարտեզում երաժշտական խաղերը, երգերն ու կոմպոզիցիաները միաժամանակ դառնում են ուսուցում ու խաղ։ Երեխաները ճանաչում են միմյանց ձայները, սովորում լսել, տարբերել, համագործակցել։

«Դուք պետք է յուրաքանչյուրդ գուշակեք ձեր ընկերոջ ձայնը», — ասում է նա երեխաներին՝ հերթական խաղը բացատրելու ժամանակ։

Այս փոքրիկ դրվագների մեջ էլ հենց թաքնված է մանկավարժի աշխատանքի մեծ իմաստը. երեխային սովորեցնել ճանաչել աշխարհը՝ խաղի, երաժշտության ու սիրո միջոցով։

Գայանե Բադալյանի համար հատկապես կարևոր տեղ ունեն հայրենասիրական երգերը։ Նա համոզված է՝ հայրենիքի հանդեպ սերը պետք է ձևավորվի դեռ մանկուց։ Ավագ խմբերի երեխաների հետ նա հատուկ ուշադրություն է դարձնում հայրենասիրական երգերի ուսուցմանը՝ փորձելով երգի միջոցով նրանց փոխանցել մի գաղափար, որն իր համար հիմնարար է։

Հայրենիքը ծնողի սիրուն հավասարազոր է։

Եվ հայրենասիրությունը, նրա պատկերացմամբ, միայն հայրենիքի մասին երգել չէ։ Ընկերոջը սիրելն է, բարություն անելն է, մեծին հարգելն է, տանը տատիկ-պապիկի նկատմամբ հոգատար լինելն է։ Այս ամենը միասին, նրա խոսքով, երեխային սովորեցնում է լինել լավ մարդ։ Այդ պատճառով մանկապարտեզի երաժշտական պարապմունքը երբեմն վերածվում է շատ ավելի մեծ դասի՝ կյանքի դասի։

Տիկին Գայանեի ձայնը մանկապարտեզում երեխաների համար վաղուց ծանոթ է։ Դասի սկիզբը, խաղի կանոնները, երգի առաջին հնչյունները, հարցերը՝ այս ամենը տարիների ընթացքում դարձել է նրա մասնագիտական առօրյայի մի մասը։

«Երեխաներ, եկեք այսօր սովորենք․․․»․ այս պարզ նախադասության հետևում քառասուն տարվա փորձ կա։ Տարիներ, որոնց ընթացքում մանկավարժը սովորել է հասկանալ երեխաների տրամադրությունը, նրանց հետաքրքրությունները, լսել նրանց լռությունն անգամ։

Եվ գուցե հենց այդ պատճառով է, որ երեխաների հետ անցկացրած ժամանակը Գայանե Բադալյանի համար երբեք չի դարձել սովորական աշխատանքային օր։ Ասում է՝ աշխատանքը մեծ սիրով է կատարում։ Մանկապարտեզ մտնելիս կտրվում է ընտանեկան առօրյա հոգսերից ու ամբողջությամբ մտնում երեխաների աշխարհ։ Այդ աշխարհում ժամանակը կարծես այլ կերպ է անցնում։

Գայանե Բադալյանի օրը սկսվում է երգով։ Տանը, առավոտյան, առօրյա գործերի ժամանակ, ճանապարհին՝ երգը միշտ նրա կողքին է։ Երգելով է նա երբեմն կտրվում հոգսերից, իսկ մանկապարտեզ հասնելուց հետո շարունակում է երգել արդեն երեխաների հետ։ Երգը նրա համար տրամադրություն է, հիշողություն, երբեմն՝ մխիթարություն։ Ուրախ ժամանակ նա երգում է մի երգ, տխուր պահին՝ մեկ ուրիշը։ Երաժշտության մեջ նա տեղ է տալիս իր զգացմունքներին, իսկ երգը դառնում է այն տարածքը, որտեղ կարելի է առանց բառերի պատմել սեփական ապրումների մասին։

«Երգը ինձ համար կյանք է, առանց որի չեմ կարող ապրել», — ասում է Գայանե Բադալյանը։

Քառասուն տարվա աշխատանքի ընթացքում երաժշտությունը նրա մասնագիտությունից վերածվել է կենսակերպի։

Տարիների մասին խոսելիս Գայանեի ձայնի մեջ արդեն այլ տրամադրություն է հայտնվում։ Չորս տասնամյակն անցել է՝ գրեթե աննկատ։ Երեխաները, որոնց ժամանակին ինքն է երգ սովորեցրել, այսօր արդեն մեծահասակներ են։ Ոմանք գուցե իրենց երեխաներին են բերում նույն մանկապարտեզ, ոմանք հեռացել են գյուղից, բայց նրանց ձայների, դեմքերի ու մանկության հիշողությունները շարունակում են մնալ Գայանեի կյանքում։

Գայանե Բադալյանի պատմությունը նաև պատմություն է գյուղում ապրելու, մնալու ու սեփական աշխատանքով համայնքի կյանքում հետք թողնելու մասին։ Սահմանամերձ Արծվաբերդում նա երեխաներին երգ է սովորեցրել, բայց նրանք էլ իրենց հերթին նրան վերադարձրել են մի բան, որը դժվար է չափել տարիներով՝ երիտասարդության զգացումը։ Գուցե հենց այդ պատճառով է, որ քառասուն տարվա աշխատանքից հետո էլ մանկապարտեզի դռները նրա համար չեն դարձել պարզապես աշխատավայրի մուտք։ Դրանք շարունակում են բացվել դեպի նույն հեքիաթային աշխարհը։ Մի աշխարհ, որտեղ ամեն օր կարելի է նորից ասել՝ «Երեխաներ, եկեք այսօր սովորենք․․․»

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան

 




Արծվաբերդ ու Այգեձոր գյուղերում անցկացվեց զուռնայի ամենամյա փառատոնը

Արծվաբերդ ու Այգեձոր գյուղերում անցկացվեց զուռնայի ամենամյա փառատոնը

Զուռնայի հնչյուններով Արծվաբերդում մեկնարկեց ազգային երաժշտության ու պարի փառատոնը։ Սահմանամերձ Այգեձորում տարիներ առաջ ծնված մշակութային նախաձեռնությունն արդեն ամենամյա ավանդույթ է դարձել։ 2026-ին փառատոնն առաջին անգամ նոր հասցե ունեցավ՝ Արծվաբերդ։ Արծվաբերդցիները, իրենց բնորոշ հյուրընկալությամբ, ընդունեցին Նորայր Քաչտաշյանին ու «Տորք» նվագախմբին։ Երաժշտությանը շուտով միացավ պարը, իսկ հրապարակում հավաքվածներն արդեն հանդիսատեսից վերածվեցին մասնակիցների։

Փառատոնն այս տարի անցկացվում է 14-րդ անգամ։ Դրա առանցքում ազգային երաժշտությունն ու պարի ավանդույթը պահպանելն ու զարգացնելն է, դրանք երիտասարդ սերնդին փոխանցելու և կենդանի պահելու նպատակը։ Զուռնայի վերջին հնչյուններով Արծվաբերդում ավարտվեց փառատոնը՝ հաջորդ տարվա հանդիպման սպասումով։ Խոստումը մեկն է՝ մյուս տարի կրկին հավաքվել երաժշտության ու պարի շուրջ՝ նույն ջերմությամբ ու ավելի շատ մարդկանց մասնակցությամբ։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։




Մի ամբողջ կյանք՝ հողի, աշխատանքի և ստեղծագործության հետ․ արծվաբերդցի Էմմա Ավալյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Արծվաբերդցի Էմմա Ավալյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Արծվաբերդ գյուղի բնակիչ Էմմա Ավալյանն այսօր՝ օգոստոսի 6-ին նշում է ծննդյան 80-ամյակը։ Նրա կյանքի ուղին կապված է հայրենի հողի, գյուղատնտեսական աշխատանքի և ստեղծագործական մտքի հետ։

Տիկին Էմման պատմում է, որ առաջին բանաստեղծությունը գրել է դեռևս 8-րդ դասարանում։ Թեև իրեն երբեք չի համարել բանաստեղծ, սակայն կյանքի տարբեր փուլերում ապրած զգացողություններն ու մտահոգությունները դարձել են նրա ստեղծագործությունների հիմքը։

«Առաջին բանաստեղծությունը գրել եմ 8-րդ դասարանում։ Ես ոչ պոետ եմ, ոչ բանաստեղծ, բայց երբ հոգուս խորքից խոսք է դուրս գալիս, գրում եմ», — ասում է նա։

Նրա խոսքով՝ ստեղծագործելու հիմնական պատճառը եղել են կյանքի փորձություններն ու կորուստները։ Սակայն այսօր ամենամեծ ցանկությունն այն է, որ մարդիկ չապրեն այնպիսի ցավ, որը ստիպում է նման տողեր գրել։

«Ցանկանում եմ, որ մարդիկ խաղաղության մեջ ապրեն, իրենց լավ օրերը հիշեն, երջանիկ լինեն ու նման տխուր բանաստեղծություններ գրելու առիթ չունենան», — նշում է Էմմա Ավալյանը։

80-ամյա Էմմա Ավալյանը համոզված է, որ կյանքում յուրաքանչյուր մարդ ունենում է և՛ դժվարություններ, և՛ ուրախ պահեր, սակայն կարևոր է կարողանալ հաղթահարել փորձությունները և շարունակել առաջ շարժվել։

«Կյանքը ամեն ձևի էլ դասավորվում է։ Պետք է պայքարենք, դիմակայենք, ապրենք, առաջ նայենք ու լավը տեսնենք», — ասում է նա։

Էմմա Ավալյանը խոսում է նաև մարդկային հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ մարդը պետք է ապրի ազնիվ, խելքով ու բարի գործերով, որպեսզի իրեն լավ խոսքով հիշեն նաև տարիներ անց։

Կյանքի ընթացքում ամենամեծ սերն, ըստ նրա, եղել է հողը։ Չնայած տարբեր հնարավորություններին՝ նա երբեք չի ցանկացել հրաժարվել գյուղատնտեսական աշխատանքից։

«Ես կուզեմ հողագործությամբ զբաղվել, հողի բուրմունքը զգալ, հողի հետ շաղախվել, բերքի ու բույսի հետ խոսել։ Հողն եմ շատ սիրել, դա է ինձ ուժ տվել», — պատմում է նա։

Էմմա Ավալյանը հեղինակել է նաև հայրենի գյուղին ու գյուղացու աշխատանքին նվիրված մի շարք բանաստեղծություններ, որոնցում գովերգում է բնության գեղեցկությունն ու հողի մշակի քրտնաջան աշխատանքը։

80-ամյա Էմմա Ավալյանը շարունակում է հավատալ, որ մարդու թողած ամենամեծ արժեքը նրա բարի գործերն են, իսկ խաղաղությունն ու մարդկային բարությունը կյանքի ամենակարևոր նվաճումները։

 

Տավուշ Մեդիայի թիմը սրտանց շնորհավորում է Էմմա Ավալյանին 80-ամյակի առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն, ընտանեկան ջերմություն և երկար տարիների երջանիկ կյանք։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։

 




Նարդոսի առաջին փառատոնը Տավուշում․ բնության ու բույրերի տոն

Տավուշի մարզում, Իջևան-Պառավաքար ավտոճանապարհի հատվածում գտնվող «Մոլորված 1» զբոսաշրջային տարածքում, առաջին անգամ անցկացվեց լավանդային նվիրված փառատոնը՝ մեկտեղելով բնության, գյուղական կյանքի և անուշաբույր բույսերի սիրահարներին։

Լավանդան աշխարհի ամենահայտնի և սիրված բուրավետ բույսերից է։ Այն հայտնի է ոչ միայն իր մանուշակագույն դաշտերով, այլև բազմազան կիրառություններով՝ բժշկության, կոսմետոլոգիայի, արոմաթերապիայի և խոհարարության ոլորտներում։

Փառատոնը համախմբել էր ինչպես Տավուշի բնակիչներին, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բազմաթիվ այցելուների, որոնք եկել էին բացահայտելու լավանդայի աշխարհը և վայելելու բնության խաղաղությունն ու գեղեցկությունը։

Միջոցառման ընթացքում հյուրերը շրջեցին լավանդայի դաշտերով, մասնակցեցին ծաղկահավաքին, ինչպես նաև ծանոթացան եթերայուղի ստացման ամբողջ գործընթացին՝ սկսած բերքահավաքից մինչև բնական արտադրանքի պատրաստում։ Այցելուները հնարավորություն ունեցան համտեսելու լավանդայի թեյ և մեղր, ինչպես նաև ծանոթանալու լավանդայից պատրաստված բնական արտադրանքին՝ օծանելիքների, քսուկների և միջատներից պաշտպանող բնական սփրեյների։

Փառատոնի շրջանակում մասնակիցները շրջեցին նաև տարածքի գողտրիկ անկյուններով, ծանոթացան չորացրած բույսերի բազմազանությանը և իրականացվող աշխատանքներին։ Լավանդայի բույրը, Տավուշի բնության գեղեցկությունն ու ջերմ մթնոլորտը օրը վերածել էին իսկական տոնի։ Այցելուները լուսանկարվում էին մանուշակագույն դաշտերում, զբոսնում բնության գրկում և վայելում ամառային հանգիստը։

Առաջին անգամ անցկացված լավանդայի փառատոնի կազմակերպիչները վստահ են, որ նախաձեռնությունը կդառնա ամենամյա ավանդույթ՝ ամեն տարի Տավուշում համախմբելով լավանդայի, բնության և էկոզբոսաշրջության սիրահարներին։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան

 




«Ամենաշատը սիրում եմ աշխատել». առավոտը՝ Արծվաբերդի խաղողի այգիներում

Արևածագի հետ Բերդ համայնքի Արծվաբերդի գյուղի խաղողի այգիներում սկսվում է աշխատանքի ամենաակտիվ ժամերից մեկը։ Օդը դեռ թարմ է, իսկ խաղողի տերևների վրա նստած առավոտյան ցողը տալիս է դաշտերին առանձնահատուկ փայլ։ Այգեգործները հերթական օրն են սկսում՝ շարունակելով տարվա ընթացքում չդադարող հոգատար աշխատանքը։

Տեղացիները նշում են, որ խաղողի մշակությունը այստեղ եկամտի աղբյուր է ու ավանդույթ, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ «Ամենաշատը սիրում եմ աշխատել»,- ասում է արծվաբերդցի Վիկտոր Առաքելյանը։

Արծվաբերդի խաղողի այգիները հայտնի են իրենց բազմազանությամբ և բերքատվությամբ։ Տարվա այս շրջանում իրականացվում են հիմնական խնամքի աշխատանքները՝ որթերի կապում, հողի մշակություն և վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումներ։ Գյուղացիների խոսքով՝ ճիշտ խնամքը վճռորոշ դեր ունի ապագա բերքի որակի համար։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։

 

 




«Ես ցույց եմ տալիս աշխարհն այնպես, ինչպես ես եմ տեսնում ու զգում»․ Հայկ Դոմբրյան

«Բոլորս էլ մեր հոգու խորքում ասելիք ունենք և, որպես ստեղծագործողներ, արվեստի միջոցով կարողանում ենք պատմել մարդկանց։ Ես ցույց եմ տալիս աշխարհն այնպես, ինչպես ես եմ տեսնում ու զգում։ Լուսանկարն իմ հայացքն է աշխարհի, մարդու և ժամանակի մասին»․ Հայկ Դոմբրյան

Վերջերս Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում, որին մասնակցել են 5 երկրների 957 լուսանկարիչներ՝ ներկայացնելով ավելի քան 3700 լուսանկար։ Մեր գործընկեր Հայկը նշում է, որ այդ հաղթանակը լավ հնարավորություն է իր համար՝ շարունակելու զարգանալ մասնագիտության մեջ, խորացնել փորձն ու նորովի ներկայացնել մարդկային պատմությունները։

Տեսանյութում Հայկը պատմում է իր անցած ճանապարհի, մասնագիտության հանդեպ նվիրումի և գալիք ծրագրերի մասին, որոնք արդեն ուրվագծվել են նրա ստեղծագործ մտքում։

Հայկ Դոմբրյանը Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղից է։ Նա Տավուշ Մեդիայի երիտասարդ թղթակիցներից է, ով պարբերաբար ներկայացնում է տավուշյան գեղեցիկ պատմություններն ու նախաձեռնությունները։ Նրա և մեր բոլոր թղթակիցների աշխատանքները դիտեք այստեղ։

Կարդացեք նաև՝

 




Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում

Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում

Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային «Witness Your Country» լուսանկարչական մրցույթում, որը կազմակերպել է Leica Camera Central Asia & Caucasus տարածաշրջանային ընկերությունը։

«Witness Your Country» մրցույթը համախմբել էր 5 երկիր, 957 մասնակից և ավելի քան 3700 լուսանկար։ Միայն Հայաստանից ներկայացվել էր ավելի քան 1500 աշխատանք, որոնցից յուրաքանչյուրը պատմում էր իր յուրահատուկ պատմությունը՝ լույսի, հույզերի, մարդկանց, բնապատկերների և առօրյա պահերի միջոցով։ Մրցույթի նպատակն էր լուսանկարների միջոցով բացահայտել յուրաքանչյուր երկրի ինքնությունն ու մթնոլորտը՝ ներկայացնելով մարդկանց, մշակույթը, առօրյան և այն պահերը, որոնք հաճախ աննկատ են մնում։

Մրցույթին կարող էին մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Մոնղոլիայից։ Աշխատանքները գնահատվել են ստեղծարարության, կոմպոզիցիայի, հուզական ազդեցության և թեմային համապատասխանության չափանիշներով։

Մեր գործընկեր Հայկը նշում է, որ այս հաղթանակը լավ հնարավորություն է իր համար՝ շարունակելու զարգանալ մասնագիտության մեջ, խորացնել փորձն ու նորովի ներկայացնել մարդկային պատմությունները։

Ներկայացնում ենք Հայկի հաղթող լուսանկարն ու դրա նկարագրությունը։

Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում
Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում

«Այս լուսանկարը կյանքի մի հավերժական վայրկյան է, որտեղ հանդիպում են մանկության անմեղությունն ու ճակատագրի առաջին դասերը։ Շրջված հեծանիվը պարզապես տեխնիկական խափանում չէ. այն խորհրդանշում է մարդկային ջանքը՝ սեփական ձեռքերով շտկելու իր ձգտումը։ Լուսանկարի զգայական առանցքը շան թաթի հպումն է տղայի ուսին։ Այդ հպման մեջ կա մի ամբողջ տիեզերք՝ հավատարմություն, լուռ աջակցություն և այն միտքը, որ մարդն իր պայքարում երբեք միայնակ չէ։ Սա իմ երկրի վկայությունն է՝ երկիր, որտեղ տոկունությունն ու քնքշությունը գոյակցում են կողք կողքի, և որտեղ նույնիսկ փոշոտ ճանապարհին կարելի է գտնել բացարձակ հոգևոր արժեք։

Սա լույսի և ստվերի միջոցով պատմված պոեմ է՝ պայքարի, պատասխանատվության և սիրո մասին»։

Հայկ Դոմբրյանը Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղից է։ Նա Տավուշ Մեդիայի երիտասարդ թղթակիցներից է, ով պարբերաբար ներկայացնում է տավուշյան գեղեցիկ պատմություններն ու նախաձեռնությունները։ Նրա և մեր բոլոր թղթակիցների աշխատանքները դիտեք այստեղ։

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ մաղթելով շարունակական հաջողություններ և նոր ձեռքբերումներ։

 




Գարնան զարթոնքը Տավուշում

Տավուշի բնությունը կրկին շնչում է գարնան թարմությամբ։ Այգիներում արդեն եռուզեռ է․ մարդիկ խնամքով մշակում են հողը, ծառերը ծաղկում են, իսկ գյուղական կյանքը վերագտնում է իր բնական ռիթմը։

Տեղացիների հետ զրույցներում ամենից հաճախ հնչում է պարզ, բայց խորն իմաստ ունեցող միտք․ «Եթե սիրով չես աշխատում, աշխատանքդ հավասար է զրոյի»։ Այդ խոսքերը լավագույնս արտացոլում են այստեղի մարդկանց վերաբերմունքը հողի, աշխատանքի ու կյանքի նկատմամբ։

Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանի տեսանյութում բացահայտվում է այս ամենի իրական շունչը՝ մարդկային պատմություններով, ջերմ զրույցներով ու գարնան կենդանի գույներով։




Տեառնընդառաջի տոնը նշվեց Տավուշի մարզում

Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորիս։ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը՝ Տեառնընդառաջը։

Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակը: Եկեղեցու կանթեղից վերցված կրակով խարույկ է վառվում իբրև լույսի խորհրդանիշ։

Տոնը ներառված է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում․ այն ապրող ու շարունակվող ավանդույթ է, որը դարերից եկող խորհուրդն է փոխանցում նոր սերունդներին։ Տեառնընդառաջը կենտրոնանում է նորապսակների շուրջ՝ կարևորելով հայկական մշակույթում նորաստեղծ ընտանիքի հանդեպ համընդհանուր հոգատարությունն ու աջակցությունը։ Այն նոր կյանքի, հույսի և ընտանեկան ջերմության խորհրդանիշ է։ Տավուշում ընտանիքի արժեքը նույնքան հիմնարար է, որքան անվտանգ ու խաղաղ հայրենիքը։

Տոնի առթիվ Արծվաբերդի մշակույթի տան բակում հավաքվել էին գյուղի բնակիչները։ Տոնական խարույկի շուրջ հատկապես ուշադրության կենտրոնում էին նորապսակ զույգերը։

Ավանդույթի համաձայն՝ երիտասարդ զույգերը պտտվում են կրակի շուրջը և ձեռք-ձեռքի տված ցատկում խարույկի վրայով՝ հավատալով, որ կրակի մաքրող ու լուսավոր ուժը իրենց ընտանիքներին կբերի ջերմություն, ամրություն և երջանկություն։ Միջոցառման ընթացքում հնչեցին տոնական երգեր, իսկ երիտասարդները հանդես եկան ազգային պարերով՝ խարույկի շուրջ ստեղծելով միասնականության ու ոգևորության մթնոլորտ։ Օրվա խորհուրդը սահմանամերձ համայնքներում կրկնակի արժեք է ստանում։ Այստեղ ապրող մարդիկ առավել խորությամբ են գիտակցում, որ ամուր ընտանիքն ուժեղ ու կայուն պետության հիմքն է։

Տեառնընդառաջի խարույկի լույսի ներքո նորապսակները միմյանց խոստացան սիրել ու պահպանել իրենց ընտանիքները, իսկ համագյուղացիները նրանց մաղթեցին խաղաղություն, համերաշխություն և լույսով լի ճանապարհ։

Բերդ համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանի տեսանյութը։

 
Տավուշի մարզի համայնքներում Տեառնընդառաջի խորհրդով արարողություններ են կատարվել. ներկայացնում ենք լուսանկարներ:

Լուսանկարները՝ Բերդի և Նոյեմբերյանի համայնքապետարաններից։

Տեսանյութը՝ Նոյեմբերյանից Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի։