Վառ գույներ ու մեծ ոգեշնչում․ կայացավ Նոյեմբերյանի Մեծահասակների արվեստի դպրոցի առաջին ցուցահանդեսը

Կայացավ Նոյեմբերյանի Մեծահասակների արվեստի դպրոցի առաջին ցուցահանդեսը

«Լոֆթ Նոյեմբերյան» երիտասարդական կենտրոնում կայացավ Մեծահասակների արվեստի դպրոցի անդրանիկ ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին դպրոցի մասնակիցների ստեղծած աշխատանքները։

Ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր համախմբել արվեստասերներին, հեղինակների հարազատներին, ընկերներին և համայնքի բնակիչներին։ Ներկայացված էին տարբեր թեմաներով ու ժանրերով կտավներ, որոնք ստեղծվել են ուսումնական գործընթացի ընթացքում։

Դպրոցի ուսուցիչներ Նիկոլ Աղաբաբյանի և Կարապետ Ղուլիջանյանի խոսքով՝ ցուցահանդեսը հնարավորություն էր ներկայացնելու սաների անցած ստեղծագործական ուղին և նրանց ձեռքբերումները։ Նրանց գնահատմամբ՝ մասնակիցների աշխատանքները վկայում են և տեխնիկական հմտությունների զարգացման, և արվեստի նկատմամբ ձևավորված հետաքրքրության մասին։

Մասնակիցների համար սա առաջին հանրային ցուցադրությունն էր, որտեղ նրանք հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ստեղծագործությունները լայն հանրությանը և լսելու այցելուների կարծիքները։

Ցուցահանդեսի ընթացքում այցելուները ծանոթացան ներկայացված աշխատանքներին, զրուցեցին հեղինակների հետ և բարձր գնահատեցին նրանց կատարած աշխատանքը։ Ցուցահանդեսը բաց կլինի 1 ամիս։

Կարդացեք նաև՝

 




Նարդոսի առաջին փառատոնը Տավուշում․ բնության ու բույրերի տոն

Տավուշի մարզում, Իջևան-Պառավաքար ավտոճանապարհի հատվածում գտնվող «Մոլորված 1» զբոսաշրջային տարածքում, առաջին անգամ անցկացվեց լավանդային նվիրված փառատոնը՝ մեկտեղելով բնության, գյուղական կյանքի և անուշաբույր բույսերի սիրահարներին։

Լավանդան աշխարհի ամենահայտնի և սիրված բուրավետ բույսերից է։ Այն հայտնի է ոչ միայն իր մանուշակագույն դաշտերով, այլև բազմազան կիրառություններով՝ բժշկության, կոսմետոլոգիայի, արոմաթերապիայի և խոհարարության ոլորտներում։

Փառատոնը համախմբել էր ինչպես Տավուշի բնակիչներին, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բազմաթիվ այցելուների, որոնք եկել էին բացահայտելու լավանդայի աշխարհը և վայելելու բնության խաղաղությունն ու գեղեցկությունը։

Միջոցառման ընթացքում հյուրերը շրջեցին լավանդայի դաշտերով, մասնակցեցին ծաղկահավաքին, ինչպես նաև ծանոթացան եթերայուղի ստացման ամբողջ գործընթացին՝ սկսած բերքահավաքից մինչև բնական արտադրանքի պատրաստում։ Այցելուները հնարավորություն ունեցան համտեսելու լավանդայի թեյ և մեղր, ինչպես նաև ծանոթանալու լավանդայից պատրաստված բնական արտադրանքին՝ օծանելիքների, քսուկների և միջատներից պաշտպանող բնական սփրեյների։

Փառատոնի շրջանակում մասնակիցները շրջեցին նաև տարածքի գողտրիկ անկյուններով, ծանոթացան չորացրած բույսերի բազմազանությանը և իրականացվող աշխատանքներին։ Լավանդայի բույրը, Տավուշի բնության գեղեցկությունն ու ջերմ մթնոլորտը օրը վերածել էին իսկական տոնի։ Այցելուները լուսանկարվում էին մանուշակագույն դաշտերում, զբոսնում բնության գրկում և վայելում ամառային հանգիստը։

Առաջին անգամ անցկացված լավանդայի փառատոնի կազմակերպիչները վստահ են, որ նախաձեռնությունը կդառնա ամենամյա ավանդույթ՝ ամեն տարի Տավուշում համախմբելով լավանդայի, բնության և էկոզբոսաշրջության սիրահարներին։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան

 




«Ամենաշատը սիրում եմ աշխատել». առավոտը՝ Արծվաբերդի խաղողի այգիներում

Արևածագի հետ Բերդ համայնքի Արծվաբերդի գյուղի խաղողի այգիներում սկսվում է աշխատանքի ամենաակտիվ ժամերից մեկը։ Օդը դեռ թարմ է, իսկ խաղողի տերևների վրա նստած առավոտյան ցողը տալիս է դաշտերին առանձնահատուկ փայլ։ Այգեգործները հերթական օրն են սկսում՝ շարունակելով տարվա ընթացքում չդադարող հոգատար աշխատանքը։

Տեղացիները նշում են, որ խաղողի մշակությունը այստեղ եկամտի աղբյուր է ու ավանդույթ, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ «Ամենաշատը սիրում եմ աշխատել»,- ասում է արծվաբերդցի Վիկտոր Առաքելյանը։

Արծվաբերդի խաղողի այգիները հայտնի են իրենց բազմազանությամբ և բերքատվությամբ։ Տարվա այս շրջանում իրականացվում են հիմնական խնամքի աշխատանքները՝ որթերի կապում, հողի մշակություն և վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումներ։ Գյուղացիների խոսքով՝ ճիշտ խնամքը վճռորոշ դեր ունի ապագա բերքի որակի համար։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։

 

 




Կա ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ. ընտրական օրն Այգեձորում




Երկրի բարեկեցությունն ու անվտագությունը՝ առաջնահերթություն․ քվեարկությունն Արծվաբերդ գյուղում




Բերդ համայնքում դպրոցին հրաժեշտ է տվել 297 շրջանավարտ

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո Բերդ համայնքում մեկնարկեց համայնքային «Վերջին զանգի» միջոցառումը։ Մայիսի 25-ին Բերդի մշակույթի տանը տեղի ունեցած տոնական միջոցառումը համախմբել էր համայնքի բոլոր հանրակրթական դպրոցների շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին ու բնակիչներին։ Այս տարի Բերդ համայնքում դպրոցին հրաժեշտ է տվել 297 շրջանավարտ։

Տոնական միջոցառման ընթացքում համայնքի բոլոր դպրոցների շրջանավարտները հանդես եկան պարային, երաժշտական և գեղարվեստական կատարումներով՝ ստեղծելով ջերմ ու տոնական մթնոլորտ։ Միջոցառումը շարունակվեց հյուրասիրությամբ և երիտասարդական ժամանցային ծրագրով։

Միասնական «Վերջին զանգ» միջոցառմամբ համայնքը շրջանավարտներին ճանապարհեց լավագույն մաղթանքներով՝ վստահ լինելով, որ այսօրվա շրջանավարտներն են վաղվա պատասխանատու ու արժանապատիվ քաղաքացիները։




«Ես ցույց եմ տալիս աշխարհն այնպես, ինչպես ես եմ տեսնում ու զգում»․ Հայկ Դոմբրյան

«Բոլորս էլ մեր հոգու խորքում ասելիք ունենք և, որպես ստեղծագործողներ, արվեստի միջոցով կարողանում ենք պատմել մարդկանց։ Ես ցույց եմ տալիս աշխարհն այնպես, ինչպես ես եմ տեսնում ու զգում։ Լուսանկարն իմ հայացքն է աշխարհի, մարդու և ժամանակի մասին» Հայկ Դոմբրյան

Վերջերս Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում, որին մասնակցել են 5 երկրների 957 լուսանկարիչներ՝ ներկայացնելով ավելի քան 3700 լուսանկար։ Մեր գործընկեր Հայկը նշում է, որ այդ հաղթանակը լավ հնարավորություն է իր համար՝ շարունակելու զարգանալ մասնագիտության մեջ, խորացնել փորձն ու նորովի ներկայացնել մարդկային պատմությունները։

Տեսանյութում Հայկը պատմում է իր անցած ճանապարհի, մասնագիտության հանդեպ նվիրումի և գալիք ծրագրերի մասին, որոնք արդեն ուրվագծվել են նրա ստեղծագործ մտքում։

Հայկ Դոմբրյանը Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղից է։ Նա Տավուշ Մեդիայի երիտասարդ թղթակիցներից է, ով պարբերաբար ներկայացնում է տավուշյան գեղեցիկ պատմություններն ու նախաձեռնությունները։ Նրա և մեր բոլոր թղթակիցների աշխատանքները դիտեք այստեղ։

Կարդացեք նաև՝

 




«Աշխարհի համերը»՝ Կոթիի դպրոցում

Կոթիի միջնակարգ դպրոցում կայացել է «Աշխարհի համերը» խորագիրը կրող խոհանոցային և մշակութային ինքնատիպ մրցույթ-փառատոնը, որը համախմբել էր դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին՝ տարբեր երկրների մշակույթն ու խոհարարական ավանդույթները ներկայացնելու շուրջ։

Միջոցառման շրջանակում դպրոցի 7-ից 12-րդ դասարանների աշակերտական թիմերը, ինչպես նաև ուսուցիչների հատուկ հավաքական թիմը, ստեղծարար և յուրօրինակ ձևաչափով ներկայացրել են Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ավանդական խոհանոցը, պատմությունը, մշակույթն ու ազգային առանձնահատկությունները։

Մրցույթ-փառատոնի ընթացքում մասնակիցները ցուցադրել են ոչ միայն խոհարարական հմտություններ, այլև իրենց գիտելիքներն ու ստեղծարար մոտեցումները՝ ներկայացնելով տարբեր ժողովուրդների ավանդույթներն ու մշակութային արժեքները։

Նախաձեռնության նպատակն էր սահմանամերձ համայնքի երեխաների շրջանում խթանել թիմային աշխատանքը, զարգացնել ստեղծարար մտածողությունը, ամրապնդել միջմշակութային հաղորդակցությունն ու ընդլայնել աշխարհաճանաչողությունը։ Միաժամանակ, միջոցառումը նպաստել է համայնքային կյանքի աշխուժացմանն ու դպրոց-համայնք համագործակցության ամրապնդմանը։

Միջոցառման մասին ավելին՝ Հրանուշ Անանյանի տեսանյութում։




«Կարմիր էջեր՝ կանաչ ապագայի համար». Այգեձորի դպրոցականների բնապահպանական նախագիծը

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են «Կարմիր էջեր՝ կանաչ ապագայի համար» խորագիրը կրող նախագծային աշխատանքը՝ աշխարհագրություն առարկայի շրջանակում։ Նախագիծը նվիրված էր Տավուշի մարզի Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների պահպանության կարևորությանը։

Ամիսներ շարունակ աշակերտները, ուսուցչի աջակցությամբ, ուսումնասիրել և հետազոտել են Տավուշի մարզի Կարմիր գրքում ընդգրկված բուսական ու կենդանական աշխարհը։ Աշխատանքի ընթացքում նրանք իրականացրել են հարցումներ, հավաքագրել տեղեկություններ և այդ ամենի հիման վրա ստեղծել գիրք, որը ներկայացնում է Տավուշի բնաշխարհը և դրա պահպանության կարևորությունը։ Գիրքը հասանելի է նաև առցանց տարբերակով, ինչը հնարավորություն է տալիս ավելի լայն լսարանի ծանոթանալ կատարված աշխատանքին։

Նախագծի շրջանակում դպրոցականները պատրաստել են նաև տեղեկատու գրքույկ և պաստառ, որոնց միջոցով փորձել են բարձրացնել հանրային իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության անհրաժեշտության վերաբերյալ։

Աշակերտներն իրենց աշխատանքները ներկայացրել են ներկաներին՝ ընդգծելով, որ բնության պահպանության գործում յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր փոքր, բայց կարևոր ներդրումը։




Գարնան զարթոնքը Տավուշում

Տավուշի բնությունը կրկին շնչում է գարնան թարմությամբ։ Այգիներում արդեն եռուզեռ է․ մարդիկ խնամքով մշակում են հողը, ծառերը ծաղկում են, իսկ գյուղական կյանքը վերագտնում է իր բնական ռիթմը։

Տեղացիների հետ զրույցներում ամենից հաճախ հնչում է պարզ, բայց խորն իմաստ ունեցող միտք․ «Եթե սիրով չես աշխատում, աշխատանքդ հավասար է զրոյի»։ Այդ խոսքերը լավագույնս արտացոլում են այստեղի մարդկանց վերաբերմունքը հողի, աշխատանքի ու կյանքի նկատմամբ։

Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանի տեսանյութում բացահայտվում է այս ամենի իրական շունչը՝ մարդկային պատմություններով, ջերմ զրույցներով ու գարնան կենդանի գույներով։