Զբոսաշրջության զարգացման միտումները Տավուշի մարզում․ Հարցազրույց

Զբոսաշրջության զարգացման միտումները Տավուշի մարզում

Տավուշի մարզն իր արժեքներով, բնությամբ, պատմական ժառանգությամբ և արդի գաղափարներով զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի։ Այս բնագավառում առկա խնդիրների, զարգացման միտումների և հեռանկարների մասին ՏավուշTV-ի տաղավարում զրուցում ենք Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալության խորհրդի նախագահ Սոս Խաչիկյանի և Go To Dili ընկերության զբոսաշրջային բաղադրիչի ղեկավար Անի Հովհաննիսյանի հետ։




Բագրատաշենում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Օգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Դովեղում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները Տավուշի մարզում

Օգոստոսի 12-ը աշխարհում նշվում է երիտասարդության միջազգային օրը:

Օրվա առիթով ներկայացնում ենք Տավուշի մարզում նախատեսված երիտասարդական միջոցառումները:

1. Իջևանում` «Լոֆտ Իջևան» երիտասարդական կենտրոնում օգոստոսից 12-ին, ժամը 12:00-ից սպասվում է հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում կխոսվի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության, երիտասարդների համայնքի կյանքում մասնակցության մոդուլների, ժամանակի կառավարման ու քննադատական մտածողության մասին:

2. Նոյեմբերյան համայնքի երիտասարդ առաջնորդների նախաձեռնությամբ օգոստոսի 12-ին Նոյեմբերյանում տեղի կունենա համայնքային միջոցառում, որի ընթացքում համայնքի երիտասարդական խմբերի հետ կացկացվի հանդիպում-քննարկում, ազգային երգ-պար, երեկոյան խարույկ՝ կիթառային երաժշտության ուղեկցությամբ:

3․ Բերդի համայնքապետարանը, համայնքային մշակույթի տունը և Arm Events-ը հրավիրում են մասնակցելու տարվա ամենառիթմիկ, պայծառ ու գունեղ միջոցառմանը` նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Օգոստոսի 12-ին` ժամը 18։00-ին, շտապեք Բերդի Մարդիգյանների անվան զբոսայգի (Ծաղկանոց)` վայելելու խելահեղ ռիթմեր` DJ T-GRAN-ի, DJ SOULDIE-ի և շոումեն-երգիչ Skinnyyy-ի ընկերակցությամբ։

 

Տավուշ Մեդիան շնորհավորում է երիտասարդության միջազգային օրվա առիթով ու ևս մեկ անգամ ընդգծում` երիտասարդների կարևոր դերը մեր հասարակության և պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։

Երիտասարդների անվտանգությունը, բարեկեցությունը, հզորացումն ու զարգացումը պետք է դառնան Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը։ Երիտասարդների կարիքները, մտահոգությունները, ձգտումներն ու գաղափարները պետք է դրվեն յուրաքանչյուր քաղաքականության մշակման և իրականացման հիմքում։ Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի իրենց կյանքին վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ։




«Ջանգյուլում» փառաատոնը՝ Նոյեմբերյանի սարերում

Մշակութային արժեքներ, ազգային երգ ու պար, ուրախ խաղեր և հաճելի ժամանց. ավանդական դարձած «Ջանգյուլում» փառատոնը իրականացավ օգոստոսի 3-4-ին՝ Նոյեմբերյանի սարերում։

Արդեն ավանդաբար «Բերդավան» հիմնադրամը կազմակերպում է «Ջանգյուլում» փառատոնը, որը հարուստ է մշակութային միջոցառումներով ու ավանդույթներով։ Փառատոնի ամենասիրելի հատվածը «Ջանգյուլում» խաղն է, որի ժամանակ մասնակիցները խաղին զուգահեռ երգում են հայկական ժողովրդական երգեր։

Ֆոտոշարք՝ «Ջանգյուլում 2024-ից»




Կոթիում նշել են գյուղի օրը

Կոթիում նշել են գյուղի օրը

Ազգային երգերով Կոթիում մեկնարկեց գյուղի օրվան նվիրված միջոցառումը, այն անցկացվեց «Եղբայրական» պուրակում: Նախորդ տարի էր որոշվել, որ «Կոթիի օր» ամեն տարի կնշվի վարդավառից մեկ օր առաջ և այդ օրը միասնության ամրապնդման, համերաշխության, ներդաշնակության, ազգային արժեքներին հավատարիմ մնալու նշանակություն կունենա։

Օրվա իրադարձությունը համախմբել էր Կոթիի բնակիչներին ու բազմաթիվ հյուրերի Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից:

Գյուղին նվիրված միջոցառումների ցանկում էին մարզական խաղերն ու հնարաշատ լարախաղացի կատարումները, Կոթիում էր հյուրընկալվել նաև Սասնա Ծռեր ազգագրական երգ ու պարի համույթը: Բնակիչների համար սա լավ առիթ է գյուղի արժեքները հանրահռչակելու և ներկայացնելու Կոթիի՝ դարեր ձգվող պատմությունը:

Գյուղացիները միահամուռ էին, որ կպահպանվի ավանդույթը ու ամեն տարի վարդավառից առաջ իրենք կտոնեն իրենց հարազատ գյուղի օրը՝ պահպանելով ավանդույթները, ազգային արժեքները ամրապնդելով համերաշխությունն ու միասնությունը:




«Շնորհակալություն, մայր հող». ուրցի փառատոն Նոյեմբերյանի սարերում

«Շնորհակալություն, մայր հող». ուրցի փառատոն Նոյեմբերյանի սարերում

Սարերի չքնաղ բնությունը երկու օր վայելելու և հագեցած ժամանակ անցկացնելու նպատակով Նոյեմբերյանի սարերում 3-րդ անգամ անցկացվեց Ուրցի փառատոնը:

Տոնի նպատակն է վերարժևորել մայր հողը` որպես հայրենիք, մեզ սնող ու
գեղագիտական հաճույք պարգևող բարձրագույն արժեք:

«Շնորհակալություն, Մայր Հող» տոնը ստեղծվել է 2022 թվականին: Այն անցկացվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սարերում, այս տարի` օգոստոսի 3-ին և 4-ին:

Տոնը տևում է երկու ցերեկ և մեկ գիշեր, տնակային և վրանային գիշերակացով, չքնաղ բնության գրկում։

Տոնի օրակարգը հագեցած է.
•ուրցահավաք՝ կիթառի և շվիի երաժշտության ուղեկցությամբ,
•ավանդական թերթերուկի բացօթյա թխում
•խարույկի շուրջ ուրցի թեյախմություն՝ թերթերուկով, կիթառային երաժշտությամբ, և այլ հետաքրքիր ժամանցով,
•բերք ու բարիքի արտադրանքի, ձեռագործ աշխատանքների և արվեստի գործերի ցուցահանդես֊վաճառք
•վարպետաց դասեր՝ տարբեր մասնագիտություններով և հմտություններով։
Տոնի մեջ ձուլվում են`
•Լավագույն հինն ու լավագույն նորը,
•Ավանդականն ու ժամանակակիցը,
•Հաճելին ու օգտակարը,
ինչը հնարավորություն է տալիս առնչվել որակյալին, իմաստալիցին, գեղեցիկին և այս ամենը առաջարկել դրսից եկած հյուրերին:

Տոնը նպատակ ունի նաև նպաստել տուրիզմի, բիզնեսի զարգացմանը և տարածաշրջանը ճանաչելի դարձնել իր մշակութային և այլ արժեքներով։

«Շնորհակալություն ասելով մայր հողին` ժամանակի ընթացքում մեր մեջ ձևավորվելու է այդ գիտակցությունը՝ իր ողջ խորությամբ, և շատ կարևոր խնդիրներ է լուծվելու մեր կյանքում, հայրենիքում»,- ասում է փառատոնի նախաձեռնող Կարինե Ալեքսանյանն ու շարունակում. «Հարգանքի է արժանի այն ազգը, որն ունի մայր շնորհակալության տոն: «Շնորհակալություն, Մայր Հող» տոնը բոլոր արժանիքներն ունի դառնալու համահայկական ամենամյա տոն»:




Այրումում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնը Նոյեմբերյան քաղաքում էր

ՄեդիաԴիտակ մեդիագրագիտության փառատոնը Նոյեմբերյանում էր

«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնը հուլիսի 29-ին և  30-ին Նոյեմբերյան քաղաքում էր: Փառատոնը՝  հետաքրքիր և ուսանելի միջոցառումների անցկացմամբ մեկնարկել էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Փառատոնն անցկացվում է «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում, որի արդյունքում Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ ու Նոյեմբերյանի ավագ դպրոցներում բացվել են մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբներ, որտեղ ուսուցիչներն ու աշակերտները իրականացնում են մեդիագրագիտության զարգացմանն ուղղված տասնյակ միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ, մրցույթներ ու բանավեճեր:

«ՄեդիաԴիտակ» փառատոնին նախորդել է կարողությունների զարգացման դասընթացը, որի ընթացքում դպրոցականները զինվել են կեղծ լուրերի դեմ պայքարի գործնական հմտություններով ու գիտելիքներով:

Կարողությունների զարգացման դասընթացների ավարտին իրենց ստացած գիտելիքներն ու գաղափարները դարձրել են մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ, որոնք իրականացրել են Նոյեմբերյանում:

Մեդիագրագիտության փառատոնն ավարտվեց ծրագրի մասնակիցներին խրախուսական նվերներ ու վկայականներ հանձնելով: Իսկ վերջում ինտերակտիվ բեմադրությունն էր՝ «Կեղծ լուրերի մամլո ակումբ» խորագրով, որը հումորային մոտեցումներով հանդիսատեսին սովորեցնում է կեղծ լուրերի դեմ պայքարի մեթոդներն ու դրանք կանխարգելելու տարբերակները։




ԿՈՂԲ. մշակութային ժառանգության և նորարարության խաչմերուկ

Կողբ Տավուշ

Կողբը Նոյեմբերյանի ամենաակտիվ բնակավայրերից է, հատկապես մշակութային առումով, եւ դա պատահական չէ: Այսօր Կողբը մշակութային ժառանգության եւ նորարարության խաչմերուկ է դարձել երիտասարդների համար, որտեղ անցյալը մերձենում է ներկայի հետ: Մշակութային միջոցառումները, ավանդական տոնակատարությունները եւ տեղական արվեստագետների աշխատանքները դարձնում են Կողբը մի վայր, որտեղ ոչ միայն պահպանվում են պատմական արժեքները, այլև զարգանում են նոր ստեղծագործական նախագծեր: Սա մի նոր միջավայր է, որտեղ խնամքով պահպանվում են նախնիների մշակութային ավանդույթները, իսկ նոր սերունդներն իրագործում են իրենց ստեղծագործական երազանքները:

Երիտասարդները՝ որպես համայնքի հենասյուներ. Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյան քույրերը

 

31-ամյա Սյուզաննա եւ Ռուզաննա Աղաբաբյան քույրերը Կողբի մշակութային կյանքի ակտիվ մասնակիցներից են: Ստեղծագործում են, աշխատում որպես սոցիալական մանկավարժներ, օգնում հայրիկին գինու գործարանի աշխատանքներում:

Քույրերը, թեեւ ունեն հենաշարժողական համակարգի խնդիրներ, սակայն դա նրանց չի խանգարել դառնալ հասարակության լիիրավ անդամ, գնալ իրենց երազանքների հետևից եւ ամենաբարդ պայմաններում իրականացնել սեփական երազանքներն ու դառնալ համայնքային կյանքի ակտիվ անդամ:

 

Միեւնույն ժամանակ, քույրերը փորձում են բարձրաձայնել խնդիրների մասին, որոնց համայնքի երիտասարդները` հատկապես հաշմանդամություն ունեցող, առերեսվում են:

«Մենք տեսնում ենք, որ երիտասարդներն ունեն զբաղվածության խնդիր, կարող ենք բարձրաձայնել տեղական ինքնակառավարման մարմիններում և ավելի բարձր մակարդակներում, որպեսզի կարողանանք փոխել ոչ միայն մեր, այլ նաև այլ մարդկանց կյանքը: Յուրաքանչյուրս մեր փոքր քայլով՝ բարձրաձայնելով երիտասարդների խնդիրների ու դժվարությունների մասին, մեծ բան արած կլինենք»,- նշում է Ռուզաննա Աղաբաբյանը:

Շարունակությունը կարդացեք այստեղ։


Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Հեղինակ` Հրանտ Ղազումյան